4 անձ ձերբակալվել է սահմանադրական կարգը տապալելու կոչերի կամ ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածանքով. ՔԿ
2023թ․սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու, այդպիսի կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննվող քրեական վարույթից բացի, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է համացանցում, սոցիալական ցանցերի օգտագործմամբ հրապարակայնորեն բռնության գործադրման, բռյության արդարացման, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչերի վերաբերյալ 7 քրեական վարույթ։
Մասնավորապես՝ 6 քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջին նշված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, քրեական վարույթը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին։
Բացի այդ, սեպտեմբերի 19-ին Կառավարության շենքի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ժամանակ Հանրապետության հրապարակից և հարակից տարածքներից ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու բաժին են տեղափոխվել 3 քաղաքացի: Հավաքաի մասնակիցներից ևս մեկի ձեռքին ոստիկանության ծառայողները նկատել են մետաղական առարկա, սակայն, վերջինս, օգտվելով հավաքի ժամանակ առաջացած քաշքշոցից, դիմել է փախուստի։
Նշված դեպքերի առթիվ նախաձեռնվել է 4 քրեկան վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերոնշյալ բոլոր 11 քրեական վարույթներով իրականացվում է նախաքննություն։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ ինքնությունները պարզված՝ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպաակով։
ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը կիրազեկի քրեական նախաքննության ընթացիկ արդյունքների մասին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: