ԵՄ դիվանագիտությունը Ղարաբաղի հարցում ձախողվել է, Բորելը չի արձագանքել Փաշինյանի օգնության կոչերին. Լուազո
ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։
«Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ», – Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Լուազոն:
Նրա խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնության կոչերին։
«Բարձր ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության Հայաստանի խնդրանքը՝ պատճառաբանելով խաղաղության, ոչ թե պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ Ադրբեջանն ամրապնդեց իր առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ զենք ստանալով, մասնավորապես, Թուրքիայից և Իսրայելից, ինչի վրա մենք աչք փակեցինք»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունը անտեսել է այդ նախազգուշացումները։
«Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, ովքեր կարծում են, որ մեր պասիվությունը «կանաչ լույս» է վառում», – ասել է Լուազոն: