Ստեփանակերտի նկուղում պատսպարվածների սնունդը հազիվ մեկ օրվա բավականացնի. անհամբեր սպասում են նախագահի հայտարարությանը. մանրամասներ՝ Ստեփանակերտից

«Սաղ գիշեր ռմբակոծել են: Այսօր էլ նորից նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Վիճակը գնալով ավելի է վատանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախցի մեր հայրենակից Գոհար Հայիրյանը, որն իր երեխաների ու էլի մի քանի ընտանիքի հետ միասին, արդեն երկրորդ օրն է՝ անցկացնում են հարևանի նկուղում:

Ասում է՝ անգամ մի րոպեով չեն կարողացել դուրս գալ թաքստոցից: Կրակոցները մի վայրկյան անգամ չեն դադարում:

«Մենք 4 ընտանիքով այս պահին դեռևս նկուղում ենք, չգիտենք՝ ուր գնանք, ինչ անենք: 6 երեխան իմն են, 2-ը մեկինն են, 5-ը մեկինն են… միասին երևի մի 18-20 երեխա կլինի այս պահին: Դեռ սպասման մեջ ենք: Չգիտենք՝ ինչ կասեն, տարհանում կանե՞ն, թե՞ չէ: Պետք է գոնե մի որոշ ժամանակով դադարեցվի կրակը, որ կարողանան տարհանում անել»,- կյանքի գնով, նկուղից ընդամենը 3 րոպեով դուրս գալուց հետո հայտնեց մեր զրուցակիցը:

Գոհար Հայիրյանի խոսքով՝ նկուղում, այս պահին, ընդհանուր առմամբ մոտ 3 տասնյակ մարդ է պատսպարված: Անչափահաս երեխաներից բացի, իրենց հետ նաև հղի կին կա: Ասում է՝ այդ կնոջ համար էլ չեն կարողանում հնարավորինս հարմար պայմաններ ապահովել: Որևէ կողմից օգնություն չունեն:

«Էսպիսի իրավիճակում չգիտենք էլ՝ ինչ ենք անելու իր համար: Ոչ նորմալ սնունդ կա, ոչ նորմալ քնելու տեղ: Ոչ մի բան չունենք: Օգնություն էլ չունենք ոչ մի տեղից: Միայն երեկ առավոտյան հաց են բերել-տվել, էդ է: Ինչ որ կա՝ տնից-տեղից հավաքել ու մտել ենք նկուղը: Էդ ամբողջ սնունդը միասին վերցրած հազիվ էլ միայն այսօր բավականացնի: Հետո չգիտենք՝ ինչ ենք անելու: Հույսներս Աստված է»,- ասաց նա:

Սննդի բացակայությունից բացի, մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքն էլ երեկ հրաշքով է փրկվել:

«Էսօր առավոտը դուրս եկա, ու էդ պահին խփեցին, եկավ ու կողքս ընկավ: Հլա ասկոլկեքն էլ հիմա ձեռքիս են: Մի քիչ էլ մոտ լինեի՝ գլխիս էր ընկնելու, հաստատ ողջ չէի մնա»,- սարսափով հիշեց նա:

Տեղեկություններ եղան, որ ստեղծված իրավիճակում արցախցի մեր հայրենակիցների մի մասն օդանավակայան է ուղղվել: Տիկին Գոհարի խոսքով՝ նրանք այնտեղ են՝ հույսով, որ առաջիկայում իրավիճակի հանդարտեցման դեպքում կկարողանան տարհանվել:

«Ախր մեքենաներ էլ չկան, վառելիք չունեն, որ կարողանան վարել ու հնարավորինս շուտ հասնել այնտեղ: Ոնց որ պետք է սպիտակ դրոշ կանգնեցնեն: Ասացին՝ ինչ-որ հանձնվում ենք: Խոսակցությունն էդպես է գնում, որ կռիվը դադարեցվի, ռուսներին խնդրենք, որ տարհանում անեն: Չգիտենք, դեռ սպասում ենք՝ տեսնենք՝ ինչ է լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում սպասում են Արցախի նախագահի հայտարարությանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս