Ընտրություններն անցել են հանգիստ, բայց բարելավման տեղ ունեն. Եվրախորհրդի դիտորդները մտահոգություններ են հայտնել

Երևանի ավագանու ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը գնահատել է, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվիրակության դիտորդները պատահականության սկզբունքով այցելել են 113 ընտրատեղամասեր՝ սկսած քվեարկության սկզբից մինչև հաշվարկ մինչև փակում և ձայների հաշվարկ: Տեղում այս առաքելությանը նախորդել էին հանդիպումները հիմնական շահագրգիռ կողմերի, դիվանագիտական կորպուսի, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների թեկնածուների հետ:

Պատվիրակությունից նշել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչների աջակցությամբ ընտրողների իսկությունը հաստատող սարքերն ու տեսախցիկները անխափան գործել են քվեարկության ողջ օրվա ընթացքում՝ նվազեցնելով կեղծիքների հնարավորությունները և ամրապնդելով ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։

Դիտորդները նաև ողջունել են քվեաթերթիկների փոփոխությունը, որը նվազեցրել է «կարուսելի» հնարավորությունը։

«Մենք ողջունում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ի հայտ եկած բարելավումները, ինչպես նաև ԿԸՀ-ի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմին։ Այս փոփոխությունները ներառում էին ընտրատեղամասերի նախագահների և քարտուղարների հատուկ դասընթացների ներդրումը, և մենք խորհուրդ ենք տալիս դրանք հետագայում պարտադիր դարձնել՝ ընտրական ընթացակարգերն էլ ավելի ստանդարտացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում հետաքրքրության պակասի համար, ինչն արտացոլված է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ: Այնուամենայնիվ նկատել են, որ տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերում են մնում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հասկանալիորեն արտահայտված անվտանգության մտահոգությունների պատճառով:

«Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քարոզարշավը կրել է բևեռացված բնույթ, և այն գլխավորել են քաղաքապետի թեկնածուները: Պատվիրակությանը զեկուցվել է վարչական ռեսուրսի չարաշահման և ԶԼՄ-ների կողմնակալության մասին:

«Այդ առումով և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով՝ մենք հավատում ենք, որ պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքներ են անհրաժեշտ, այդ թվում՝ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտորդները նաև ուշադրություն են հրավիրել ընտրատեղամասերի հասանելիության վրա, ինչը պահանջում է հետագա հրատապ միջոցներ:

Նաև նշվում է, որ կան մի քանի ոլորտներ, որտեղ, թեև իրավական դաշտը համարժեք է թվում, օրենքի ոգուն համահունչ որոշ դրույթների իրականացումը կարող էր ավելի բարելավվել: Օրինակ, թեև բոլոր ցուցակներում պահպանվել է կին թեկնածուների 30% քվոտան, ցուցակների ղեկավարները շատ քիչ են եղել կանայք և, հետևաբար, թերներկայացված են հանրային քննարկումներում:

Պատրաստեց aravot.am

Տեսանյութեր

Լրահոս