Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը` այսօրվա ասուլիսում ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության օրն արձանագրված խախտումները, հայտարարեց, որ Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ համակարգին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում, այդ թվում` Տիգրանի Ավինյանի մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավինյանը պոլիտեխնիկական համալսարանում դասերի ժամին հանդիպել էր ուսանողների հետ, և բողոքը վերաբերում է այն խոստմանը, թե՝ «Ավինյանի հետ հանդիպման գալու դեպքում ուսանողների բացակաները հարգելի կհամարվեն»։

«Անկախ դիտորդի» դիտարկմամբ՝ սա ընտրակաշառք չէ, բայց իրենց կարծիքով` Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն է։

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի լուսաբանմանը, ապա «Անկախ դիտորդն» արձանագրել է, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ-ն լուսաբանվել է մոտ 2 անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցությունները միջինում։

«Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ևս կրել է քարոզչական բնույթ»,– ընդգծվում է լրատվամիջոցներին ներկայացված զեկույցում։

Նախընտրական շրջանում ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրվել, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ, իրեր տալու, ծառայություններ խոստանալու առանձին դեպքեր։ Ըստ դիտորդական կազմակերպության` նման քայլեր արվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը հայրենյաց» կուսակցությունների ու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից։

Ինչ վերաբերում է ընտրողների ազատ կամարտահայտմանը, այս մասով «Անկախ դիտորդն» արձանագրել է ՔՊ–ի նախընտրական հավաքներին և ժողովներին կազմակերպված ձևով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։

Արդեն քվեարկության օրը կազմակերպությունը դիտարկումներ է իրականացրել Երևանի 474 ընտրատեղամասերից 468-ում։

Արձանագրվել են կուտակումներ, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացահայտման դեպքեր, ընտրողների ուղղորդումներ, կազմակերպված տեղափոխման, անգամ վեճերի դեպքեր և այլն։

Տեսանյութեր

Լրահոս