
Վրաստանում միջին ամսական աշխատավարձը աճել է

2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 17,1 տոկոսով (263,2 լարիով) և կազմել 1804,5 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Ըստ հաշվետվության՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել հետևյալ ոլորտներում. տեղեկատվություն և կապ՝ 3799,8 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 22,2 տոկոսով), ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3181,4 լարի (աճը 19,1 տոկոսով), շինարարություն՝ 2590,3 լարի (աճը 18,9 տոկոսով), գիտատեխնիկական գործունեություն՝ 2 525,0 լարի (աճը 25,1 տոկոսով)։
2023 թվականի երկրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1437.1, իսկ տղամարդկանցը՝ 2161.6 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 196,5 (15,8 տոկոս), իսկ տղամարդկանցը՝ 333,2 լարի (18,2 տոկոս)։