
Ռուսաստանը կասեցնում է Թուրքիայում գազային հաբի ձևավորումը. Մեծ Եվրասիայի համար պայքարը մտնում է շրջադարձային փուլ. Վահե Դավթյան

Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուսաստանը կասեցնում է Թուրքիայում գազային հաբի ձևավորումը: Խնդիրն, ըստ միջազգային մամուլի, Մոսկվայի և Անկարայի միջև ծագած տարաձայնություններն են:
Դժվար չէ կռահել, թե ինչ բնույթ են դրանք կրում:
Նախ, դեռևս մինչև սևծովյան հացահատիկային նախաձեռնության սառեցումը Մոսկվան աշխատանքներ էր սկսել Իրանի, Քաթարի և Թուրքմենստանի հետ գազային հաբ ձևավորելու ուղղությամբ, ինչն ինքնին լուրջ մարտահրավեր է Թուրքիայի էներգատրանսպորտային ռազմավարության համար: Վերջինս, ինչպես գիտենք, առավելապես խարսխված է միջազգային նշանակության լոգիստիկ հաբի ձևավորման սկզբունքի վրա:
Նաև վերջերս Սոչիում անցկացված հանդիպմանը Պուտինն ու Էրդողանը գրեթե չանդրադարձան գազային հաբի նախագծին, թեև վերջինս ռուս-թուրքական օրակարգի առանցքային հարցերից է:
Ինքնին դա վկայում է առնվազն նախագծի նպատակահարմարության վերաիմաստավորման մասին: Գոնե Մոսկվայի կողմից:
Գումարելով այս ամենին վերջերս G20 շրջանակներում Թուրքիան շրջանցող «Մերձավորարևելյան միջանցքի» մասին ընդունված կոմյունիկեն` դժվար չէ կռահել, որ թուրքական տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարությունը միաժամանակ մի քանի ճակատով հայտնվում է բավականին ռիսկային գոտում:
Մեծ Եվրասիայի համար պայքարը մտնում է շրջադարձային փուլ: