Զելենսկու հետ առիթներ ունենում ենք մեսիջներ փոխանակելու. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ առիթներ ունեցել է Ուկրաինայի նախագահի հետ մեսիջներ փոխանակելու համար:
«Գիտեք, երբ ես Զելենսկիի հետ հանդիպեմ, ես անձամբ իրեն կփոխանցեմ: Ես չեմ կարծում, թե երկրների ղեկավարների համար լավ ժանր է հարցազրույցների միջոցով իրար մեսիջներ փոխանցելը:
Վերջին անգամ Մոլդովայում՝ Քիշնևում, Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ ինքն էլ էր այնտեղ, ես էլ, երկու բառ փոխանակել ենք, և առիթներ ունենում ենք մեսիջներ փոխանակելու: Իսկապես չեմ կարծում, թե դա լավ ժանր է, այսպես հեռակա: Իմիջիայլոց, նաև տարբեր առիթներով ենք ուղերձներ փոխանակում, վերջերս ես նրան շնորհավորել էի Ուկրաինայի անկախության օրվա առիթով և այլն, և այդպես շարունակ»,- ասել է նա:
Անդրադառնալով պատերազմի թեմային՝ Փաշինյան ասել է. «Գիտեք, ընդհանրապես մի բան կարելի է ասել այդ թեմայով՝ պատերազմը շատ վատ բան է, և երբ 2020թ. պատերազմը սկսվեց, շատ էր խոսվում նրա մասին, թե ի՞նչ պետք է անեի ես պատերազմից խուսափելու համար, որը շատ ճիշտ և լեգիտիմ հարց է, որից հետո սկսվեց Ուկրաինայի պատերազմը: Եվ ես նայում էի այդ իրավիճակին և ինքս ինձ հարց տալիս, թե ի՞նչ պիտի անեին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները՝ պատերազմից խուսափելու համար: Բոլորը գիտեն, որ պատերազմը շատ վատ բան է, առանց բացառության՝ բոլորը:
Բոլոր դեպքերում պետք է ամեն ինչ անել պատերազմից խուսափելու համար, և նաև սա է պատճառը, որ անկախ բոլոր բարդություններից, անկախ լավատեսության նույնիսկ բացակայությունից որդեգրել ենք և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, շարունակում ենք հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և հույս ունենք, որ Ադրբեջանն էլ իր հերթին, ի վերջո, կարտահայտի իր հավատարմությունը՝ միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններին»,-ասել է նա: