Մենք այլևս չենք կարող հույս դնել Ռուսաստանի վրա, որ մեզ պաշտպանի․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել POLITICO պարբերականին

Ուկրաինական հակամարտությունը ցույց է տալիս, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ մեծանում են մտավախությունները Ադրբեջանի հետ բաց հակամարտությանը վերադառնալու կապակցությամբ։

POLITICO պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ պարբերականի՝ Փաշինյանի ընդգծված քննադատությունը Ռուսաստանի՝ որպես Կովկասում ոստիկան գործելու անկարողության վերաբերյալ միայն ուժեղացնում է այն զգացումը, որ Կրեմլը կորցնում է իր ազդեցությունը և չունի երբեմնի շատ գովաբանված գերտերության կարգավիճակը նախկին խորհրդային հանրապետություններում, որոնց ժամանակին Մոսկվան համարում էր իր ազդեցության գոտին:

Երևանում հիասթափությունը կարող է լուրջ շրջադարձ լինել 2,8 միլիոնանոց երկրի համար, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նա իր երկաթուղու, էներգետիկ ոլորտի և նույնիսկ իր սահմանների վերահսկողության մեծ մասը պատվիրակել է Ռուսաստանին: 2020 թվականին Հայաստանը 44-օրյա պատերազմ մղեց Թուրքիայի կողմից աջակցություն ստացած Ադրբեջանի ավելի ուժեղ զորամիավորումների դեմ, հակամարտության հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին յուրաքանչյուր կողմից և Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու համար տեղակայվեցին ռուս խաղաղապահները: Այժմ Ռուսաստանն ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի հետ պատերազմում, ուստի Երևանում մեծանում են մտավախությունները, թե արդյոք ռուսական բանակը պատրաստ է կամ ի վիճակի է պահպանել խաղաղությունը Կովկասում։ Դա ընդգծված մտահոգություն է, քանզի կան բոլոր վտանգները, որ Հայաստանը կարող է վերսկսել Ադրբեջանի հետ մարտերը Լեռնային Ղարաբաղի համար:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարելուց, որոնք երկուսն էլ Կրեմլի համար մինչև ուկրաինական պատերազմն էլ ունեցել են ռազմավարական նշանակություն։

«Մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ փորձենք այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունը ուրիշներից։ Մենք ուզում ենք ունենալ անկախ երկիր, ինքնիշխան երկիր, բայց պետք է ճանապարհներ ունենանք, որպեսզի չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում… Չի կարող լինել դեպք, երբ Հայաստանը դառնա «պրոքսի»։ Սա անթույլատրելի է։ Մոդելը, որով մենք խնդիրներ ունենք մեր հարևանների հետ, և պետք է հրավիրենք ուրիշներին պաշտպանելու մեզ, կարևոր չէ, թե ովքեր են նրանք, շատ խոցելի մոդել է»,-Փաշինյանի խոսքը մեջբերել POLITICO-ն։

Տեսանյութեր

Լրահոս