Բորելը կարևոր է համարել Իրանի հետ դիվանագիտական կապերի պահպանումը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ չնայած Իրանի հետ ԵՄ-ի հարաբերությունների վատ վիճակին, Բրյուսելը պետք է կապեր պահպանի Թեհրանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք իրանական IRNA գործակալությունից:
«Մեր հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ մենք պետք է պահպանենք Իրանի հետ «կրիտիկական փոխգործակցության» անհրաժեշտ մոտեցումը: Դիվանագիտական կապուղիների պահպանումը չափազանց կարևոր է մեր քաղաքացիների, մեր շահերի պաշտպանության և Իրանի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար», – հայտարարել է Բորելը Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
«Ես չեմ դադարի օգտագործել յուրաքանչյուր դեպք և յուրաքանչյուր հնարավոր փոխգործակցություն` Իրանին կոչ անելու փոխել իր վարքագիծը, ինչպես արել եմ վերջին բոլոր ամիսների ընթացքում», – ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն Իրանին հստակ ազդակ է ուղարկում՝ պահանջելով դադարեցնել հիմնարար իրավունքների ու ազատությունների ճնշումը, ազատ արձակել ԵՄ-ի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին։
Նա ասել է, որ 2022 թ. դեկտեմբերին Եվրամիության արտաքին գործերի նախարարներն ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրել Իրանի նկատմամբ։
«Մենք ընդունել ենք պատժամիջոցների ինը փաթեթ: Մենք շատ հստակ դիրքորոշում ենք որդեգրել միջազգային համաժողովներում, այդ թվում՝ ի պաշտպանություն միջազգային փաստահավաք առաքելության: Եվ թույլ տվեք հստակ հայտարարել՝ մենք կշարունակենք դիտարկել Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կարգավորելու՝ մեր տրամադրության տակ եղած տարբերակները», – եվրապատգամավորներին վստահեցրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
IRNA-ն հիշեցնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը քանիցս նախազգուշացրել է «Արևմուտքի ինտերվենցիոնիստական վարքագծի հետևանքների մասին» և հայտարարել, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։