Ի՞նչ ուղերձ ունի ադրբեջանական զրահատեխնիկայի վրա պատկերված նշանը
Ադրբեջանը վերջին օրերին լրացուցիչ զորք, զենք ու զրահատեխնիկա է կուտակում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին։ Հատկանշական է, որ ադրբեջանական, այնուհետև թուրքական մեդիայում և սոցցացերում սկսեցին լայնորեն տարածվել տեսանյութեր, որտեղ երևում են զինվորներ և զրահատեխնիկա տեղափոխող ավտոշարասյունը։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուշագրավ է շարասյան գրեթե բոլոր մեքենաների վրա սպիտակ ներկով արված նշանը։ Տեսանյութերից հասկացվում է, որ այդ բեռնատարների վրա ներկով գրված է գլխիվայր լատինական «A» տառը։
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկություններից պարզ է դառնում, որ այդ նշանը պատկերված է «Նախիջևանն ու Ադրբեջանը իրար միավորելու նպատակով»։
Դա բացատրվում է հետևյալ կերպ․ «∀» տառի երկու թեք գծերից մեկը ներկայացնում է Նախիջևանը, մյուսը՝ Ղարաբաղը, իսկ միջին գիծը ներկայացնում է Զանգեզուրը, որը կմիացնի երկուսը»:
Մեկ այլ պնդման համաձայն, գլխիվայր լատինատառ «A»-ն նշանակում է «ամբողջականություն, միասնություն»։
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ «այդ սիմվոլը բռնագրավումից հետո Ղարաբաղում հիմնված և Արցախ անունը ստացած ապօրինի կառույցը ոչնչացնելու և ողջ տարածքում Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու վճռականությունն է»։
Հիշեցնենք, որ նմանատիպ «ռազմաշունչ» տառ նկատել էինք Ուկրաինայի դեմ ռուսական ռազմագործողության ժամանակ, երբ ՌԴ ԶՈՒ-ին պատկանող զրահատեխնիկայի վրա ներկվել էր «Z» տառը։ ՌԴ ՊՆ-ն, մեկնաբանելով տառի նշանակությունը, հայտնել էր, որ «Z» նշանակում է հաղթանակի հետևից։
Հաշվի առնելով այս պնդումները, տարածաշրջանում առկա լարվածությունը, Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր հնարավոր ագրեսիան և վերջինիս իրագործման համար ստեղծված հիմքերը, Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային անթաքույց նկրտումները, կարող ենք ասել, որ այդ նշանը որոշակի ուղերձ է պարունակում՝ ցույց տալով կամ ազդարարելով այդ երկրների կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուժով ստանալու մտադրությունը։
Բայցևայնպես չենք կարող չբացառել նաև Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի վրա հոգեբանական ճնշում գործադրելու, ինչու չէ նաև ուժի ցուցադրման ակնհայտ սպառնալիքի տարբերակը։