Ամերիկացի քարանձավագետին հաջողվել է փրկել Թուրքիայի ամենախոր քարանձավներից մեկից
Թուրքիայի՝ խորությամբ երրորդ քարանձավից հաջողվել է փրկել ԱՄՆ քաղաքացու, որը մեկ շաբաթից ավելի գտնվում էր քարանձավում։ Փրկարարական աշխատանքի կազմակերպիչները հայտնել են, որ սա իրենց կողմից իրականացված ամենախոշոր և ամենաբարդ ստորգետնյա գործողությունն էր։ Այս մասին գրում է BBC-ն։
Քարանձավագետ Մարկ Դիքին իր թիմի հետ զբաղվում էր Մորկա քարանձավի նոր ուղու քարտեզագրման աշխատանքներով։ Դիքիի վիճակը վատթարացել էր սեպտեմբերի 2-ին․ նրա մոտ ստամոքսաղիքային արյունահոսություն էր սկսվել։
Փրկարարները ստիպված են եղել անցնել շատ նեղ թունելներով՝ երբեմն ամենանեղ հատվածներում օգտագործելով պայթուցիկներ, որպեսզի Մարկ Դիքիին դուրս բերեն քարանձավից։
Փրկարարական գործողությանը ներգրավված է եղել 150-ից ավելի մարդ։ Թուրքիայի փրկարարներին աջակցելու էին եկել փրկարարներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Խորվաթիայից և Հունգարիայից։