ԱԳ նախարարի տեղակալը Վիեննայում խոսել է Արցախում իրավիճակի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։
ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից անվտանգային իրավիճակի լարմանն ուղղված գործողությունների վրա։
Ըստ աղբյուրի՝ Վահե Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչության անմարդակին շրջափակումը և մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցումը, որն ուղեկցվում է առանցքային ենթակառուցվածքների՝ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման դիտավորյալ արգելափակմամբ, հանգեցրել է ծայրահեղ հումանիտար ճգնաժամի, որով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղը ենթարկել ամբողջական էթնիկ զտման։
«Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հայերի դեմ տասնամյակներ շարունակվող ատելության հրահրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ավելի լայն պատկերի և էության մի մասն է, որոնք ցեղասպանական մտադրության նախազգուշացնող նշաններ են», – նշել է Վահե Գևորգյանը։
ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ականջալուր լինի միջազգային հանրության կոչերին և անվերապահ իրականացնի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած որոշումը՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով։
Վահե Գևորգյանը նշել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիության անխոչընդոտ ապահովման և միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության հրատապությունը։
Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժերն և կուտակումները։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի։
«Մինչ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու հանձնառությանը, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և մեր գործընկերները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած միջոցները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ագրեսիան», – ընդգծել է Վահե Գևորգյանը։
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն հնարավոր Է կյանքի կոչել միայն ուժի կամ դրա ապառնալիքի և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների բացառման պայմաններում:
Ելույթում նաև ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ հատուկ միջազգային ջանքերի և Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության ամուր միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա շոշափելի արդյունքներ ապահովել գործընթացում։