Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է քննել Վրաստան-ՌԴ թռիչքներն արգելելու միջնորդությունը
Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է քննարկել 6 084 քաղաքացիների ստորագրած միջնորդագիրը, որը պահանջում էր արգելել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հարցն ընթացակարգով քննարկվել է խորհրդարանի ոլորտային տնտեսության և քաղաքականության հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլին նախքան հարցը քվեարկության դնելն ասել է՝ պետությունը դիրքորոշում ունի, որ պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի նկատմամբ, քանի որ այդ պատժամիջոցներն առաջին հերթին ուղղված են լինելու մեր երկրի տնտեսությանը վնասելուն և ազդելու են մեր երկրի քաղաքացիների վրա։
«Բազմիցս տարբեր փաստարկներով ու դիրքորոշումներով հիմնավորվել է, թե ինչու չի կարելի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, և մենք, իհարկե, միանում ենք բոլոր միջազգային պատժամիջոցներին։ Հանձնաժողովը համարում է, որ տեղին չէ ուսումնասիրել միջնորդությունը և, համապատասխանաբար, խորությամբ քննարկել»,- ասել է Սոնղուլաշվիլին:
Նա հնարավորություն չի տվել միջնորդագիրն ստորագրած կողմին արտահայտելու իր կարծիքը։ Ընդդիմադիր պատգամավորներից 2-ը կողմ էին միջնորդությունը քննարկելուն, իսկ մեծամասնությունից 4-ը դեմ էին։ Ըստ այդմ, խորհրդարանը միջնորդագրի վերանայումը աննպատակահարմար է համարել։
Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր ստորագրեց՝ մայիսի 15-ից չեղյալ համարել Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկել մուտքի արգելքը։ Երկու երկրների միջև թռիչքները չեղարկվել էին 2019 թվականից։