ԿԲ-ն սպասում է, որ տարեվերջին կգրանցվի 0-ին մոտ գնաճ
Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճը տարեվերջին մոտ կլինի 0-ին: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Մենք կարծում ենք, որ այս տարվա վերջին կունենանք 0-ին մոտ գնաճ»,-ասաց ԿԲ նախագահը:
Խոսելով դրամի հնարավոր արժևորումից կամ արժեզրկումից՝ Մարտին Գալստյանը ներկայացրեց մի քանի պայմանական սցենարներ: Կարող է լինել, օրինակ, սցենար, որ տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Հայաստան միջազգային այցելուների նոր հոսք գրանցվի, որի արդյունքում կլինի արտարժույթի առաջարկի մեծացում, որի դեպքում կարելի է ակնկալել դրամի որոշակի արժևորում:
«Այլ սցենարի պարագայում մեր հայրենակիցների կողմից ստեղծված արդյունքն ուղղվում է սպառման, սպառման մեծ մասը լինում է ներմուծման տեսքով, որը ենթադրում է արտարժույթի նկատմամբ պահանջարկ, որը կարող է հանգեցնել ընթացիկ հաշվի ճեղքի բացման, որի արդյունքում էլ կարող է լինել ազգային արժույթի որոշակի արժեզրկում»,-ասաց Գալստյանը:
Կենտրոնական բանկը սեպտեմբերի 12-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.5 տոկոսային կետով:
Անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք տոկոսադրույքի նվազեցումն ազդել դրամի թուլացման վրա՝ ԿԲ նախագահը պատասխանեց, որ տեսականորեն՝ այո, կարող է: «Եթե դու իջեցնում ես տոկոսադրույքը, այն ակտիվի տոկոսադրույքը, որը նվազում է, դառնում է ավելի քիչ հրապուրիչ ներդրողների տեսանկյունից՝ մանավանդ, որ մյուս կողմից տեսնում ենք, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում դեռևս տոկոսադրույքների աճի միտումը շարունակվում է»,-ասաց Գալստյանը:
ԿԲ նախագահը վստահեցրեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման ԿԲ-ի նպատակադրումը դա չէ, Կենտրոնական բանկի խնդիրը եղել և մնում է գների կայունությունը:
Գալստյանը նաև նշեց, որ գնաճի առումով ԿԲ-ի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելու որոշումը նշանակում է, որ ռիսկերն ավելի կառավարելի են, քան գարնան կամ ձմռան ամիսներին: «Սակայն չենք կարող հայտարարել, որ վերջնականապես գնաճի խնդիրը մենք այս երկրում լուծել ենք: Դեռ գործ ունենք անելու, բայց, բնականաբար, նախկինում արած գործի շնորհիվ այս պահի դրությամբ արվելիք գործն ավելի թեթև է»,-ասաց նա: