ԳԱԱ-ում մեկնարկել է «Արամ Խաչատրյան-120» միջազգային գիտաժողովը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիբանանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից։
Արվեստի գործիչները հանդես կգան շուրջ 4 տասնյակ գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, ստեղծած կոմպոզիտորական դպրոցը, Արամ Խաչատրյանի դերը մշակութային դիվանագիտության զարգացման գործում, կերպարը հայ կերպարվեստում, արվեստի ազդեցիկ նշանակությունը երաժշտագիտական մտքի վրա։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։
Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։