Ucom-ը շարունակում է արդիականացնել շարժական ցանցը
«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենն այցելել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացնող երևանյան թիմերից մեկին՝ անձամբ հետևելու ցանցի վերազինման ընթացքին։ Նախորդ շաբաթվանից սկսած ընկերության տեխնիկական մասնագետներն աշխատում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, ինչի մասին ընկերությունը նախապես տեղեկացրել է իր բաժանորդներին։
«Հարգելի՛ և սիրելի՛ բաժանորդներ, մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք արտակարգ, աննման և հիանալի ցանց ամբողջ Հայաստանի տարածքում։ Նախապես հայտարարել էինք, որ սկսում ենք ցանցի վերազինման, արդիականացման և ընդլայնման աշխատանքը, ցույց ենք տվել, թե ինչպես են սարքավորումները ժամանում մեր կենտրոնական պահեստ՝ նշելով, որ դեռ շատ սարքավորումներ ունենք ստանալու առաջիկայում և որ այս աշխատանքը շարունակական է լինելու։ Այսօր էլ մենք Երևանի կենտրոնում ենք, որպեսզի ականատեսը լինենք այս արդիականացման գործընթացին։ Անշուշտ, երբ որևէ կայան ապամոնտաժվի, դուք զգալու եք կապի որակի անկում ու ծառայությունների մատուցման անկայունություն։
Սա ցավոտ, բայց և անխուսափելի գործընթաց է, մինչև տեղադրենք նորը, արդիականը, հզորը և այո՛, այսօրվա դրությամբ՝ աննմանը, որպեսզի հետագայում դուք ունենաք սահուն փորձառություն մեր ցանցում և հնարավորություն ունենաք օգտվելու ավելի լավ, ավելի մատչելի, ավելի հետաքրքիր ծառայություններից։ Ի՜նչ խոսք, այսպիսի այցերը նույնպես շարունակական են լինելու, որպեսզի ձեզ մշտապես տեղյակ պահենք ոչ միայն շարժական ցանցի արդիականացման, այլև ֆիքսված ցանցի ընդլայնման ընթացիկ աշխատանքների մասին», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի սկզբին գլխավոր տնօրենը նշել է, որ Ucom-ի 5-ամյա ռազմավարության հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։ Նա անձամբ է հետևել Հայաստան ժամանած Ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների մատակարարման համաշխարհային գիգանտներից մեկի սարքավորումների բեռնաթափման ընթացքին։ Այսօրվա դրությամբ այդպիսի սարքավորումների ժամանումը Հայաստան իրականացվել է երեք փուլով։ Մինչև տարվա վերջ նորագույն սարքավորումները ևս մի քանի փուլով կառաքվեն։