Բաքվի հանդիպմանը Իրանը, հավանաբար ուղերձ է հղել Բաքվին ու Երևանին․Mehr

Իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում արագորեն վատթարանում է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զորքեր կուտակել տարածաշրջանում շփման գծի երկայնքով, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանը հասկացրել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և չի հանդուրժի իր սահմանների մոտ աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն, նշում է լրատվամիջոցը։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Բաքվի և Երևանի իշխանությունները մեղադրանքներ են փոխանակել նոր մեծ ռազմական էսկալացիա նախաձեռնելու փորձի մեջ։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարները ցույց են տալիս, որ մեղադրանքները կարող են իրական լինել, քանի որ երկու երկրներն էլ սահմանի երկայնքով ուժեր են տեղակայել իրենց զորքերն ամրացնելու համար:

Զուգահեռաբար, Բաքվի և Երևանի ղեկավարները դիվանագիտական ​​արշավներ են սկսել՝ իրենց կողմը գրավելու տարածաշրջանային և միջազգային ծանրակշիռ պետություններին՝ ակնհայտորեն ակնկալելով լարվածության լուրջ սրացում:

Իրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը»,- գրում է Mehr-ը:

Լրատվամիջոցն այս առնչությամբ հիշատակել է Բաքվում իրանական ռազմական պատվիրակության և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը։

Երկու կողմերը քննարկել էին տարածաշրջանում անվտանգության հարցերը, հայտնում է Fars News-ը։

«Հանդիպման ժամանակը հուշում է, որ իրանական պատվիրակությունը, հնարավոր է, ուղերձ է փոխանցել Իրանից՝ Բաքվի և Երևանի միջև նոր էսկալացիայի հեռանկարի վերաբերյալ։

Իրանը օգնություն է առաջարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում դիվանագիտական ​​միջոցներով խաղաղության և անվտանգության հասնելու համար։ Բայց նաև ասել է, որ չի կարող համաձայնվել տարածաշրջանում ուժի որևէ կիրառման՝ աշխարհաքաղաքական նոր իրողություններ թելադրելու համար։ Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք, Բաքուն և Երևանը ականջալուր են եղել Իրանի կոչերին»,- գրում է իրանական լրատվամիջոցը։

Տեսանյութեր

Լրահոս