
Thodex-ի հիմնադիրը Թուրքիայում դատապարտվել է 11.000 տարվա ազատազրկման

Անատոլիայի 9-րդ բարձր քրեական դատարանը հրապարակել է իր որոշումը կրիպտոարժույթների փոխանակման Thodex գործով։ Thodex-ի հիմնադիր Ֆարուք Ֆաթիհ Օզերը դատապարտվել է 11 հազար 196 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ձերբակալված ամբաստանյալներ Ֆարուք Ֆաթիհ Օզերը, Գյուվեն Օզերը և Սերափ Օզերը դատապարտվել են ընդհանուր առմամբ 11 հազար 190 տարի 6 ամիս ազատազրկման՝ կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և անդամ լինելու, խարդախության և փողերի լվացման հանցանքների հոդվածով։
Դրանից բացի՝ ամբաստանյալները դատապարտվել են 6 տարի 4 ամիս 15 օր ազատազրկման և 135 միլիոն լիրա դատական տուգանքի առանձին-առանձին՝ տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ խարդախության համար:
Ինչպես հայտնում են լրատվականները, 16 ամբաստանյալ արդարացվել է՝ ապացույցների բացակայության հիմքով։