Հայաստանում աճում է այն պրոարևմտյան մեդիա-կառույցների թիվը, որոնց գործունեությունն ուղղված է մեր երկրի ու հայ-ռուսական հարաբերությունների վարկաբեկմանը. Մարիա Զախարովա

Երեկ, այս օրերին տեղի ունեցող ռուս-հայկական մեդիաֆորումի ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ելույթով բավականին թափանցիկ ակնարկներ արեց՝ ուղղված ՀՀ իշխանություններին ու, թերևս, նաև հայ ժողովրդին ընդհանուր առմամբ:

Իր խոսքի սկզբում Մարիա Զախարովան նախ նշեց, որ հայ և ռուս մեդիադաշտի առաջնային նպատակը պետք է լինի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը, ապա պատմական էքսկուրս կատարեց՝ ընդգծելու համար Ռուսաստանի դերը հայոց պատմության ու առհասարակ հասարակական-քաղաքական կյանքի տարբեր դրվագների մեջ:

«Տասնամյակներով Մոսկվան և Երևանն արդյունավետ կերպով համագործակցել են; Մենք եղբայրական հայ ժողովրդին օգնել ենք ամենաբարդ փուլերում, և մասնավորապես անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրած ջանքերի շնորհիվ 2020թ. դադարեցվեց պատերազմը»,- չմոռացավ հիշեցնել կամ ընդգծել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով՝ ՌԴ-ն անկեղծ շահագրգռվածություն ունի ՀԱՊԿ-ի իր դաշնակցի ճակատագրում:

Հաջորդիվ Զախարովան հիշեցրեց՝ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության գլխավոր օտարերկրյա ներդրողն է, ապա չմոռացավ նշել, որ Ռուսաստանը Հայաստանին էներգակիրներ է տալիս էժան գներով, ռուսական երկաթուղին ամբողջությամբ ծածկում է մարդկանց և բեռնափոխադրումների ողջ ծավալը, իսկ ՌԴ-ի բուհ-երում սովորում են ավելի քան 5200 հայ ուսանողներ, որոնցից 1800-ը՝ ՌԴ բյուջեի հաշվին:

Կարդացեք նաև

«Մեր սահմանապահները իրենց հայ գործընկերների հետ համատեղ իրականացնում են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական և հայ-իրանական սահմանների պաշտպանությունը»,- ասաց նա ու շեշտեց՝ այս ամենը պահպանելու համար անհրաժեշտ է առողջ ինֆորմացիոն ֆոն:

Մարիա Զախարովան նաև ցանկություն հայտնեց, որ հայ և ռուս մեդիայում ավելի շատ տեղ գտնեն հայ-ռուսական ընդհանուր հերոսական անցյալի մասին պատմությունները: Ապա անցավ բուն ասելիքին, այսինքն՝ դրա մեսիջներին:

«Սակայն կարծում եմ՝ ոչ մեզ, ոչ ձեզ չի կարող բավարարել հայկական ինֆորմացիոն տարածության մեջ Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների մասին ակնհայտորեն գերակշռող բացասական, միակողմանի ու հաճախ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների քանակը, որն անկասկած հակասում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների բնույթին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա կոչ արեց խնդիրների մասին բաց խոսել, ասաց, որ ՌԴ-ում անթույլատրելի են համարում երկու ժողովուրդների միջև թշնամանքի հրահրման փորձերը՝ շնորհիվ Հայաստանին ու հայ ժողովրդին պատուհասած բոլոր աղետների մեջ Ռուսաստանին մեղադրելու: Որպես դրա աննախադեպ օրինակ՝ Զախարովան նշեց ռուս հասարակական-քաղաքական գործիչների մուտքը  Հայաստան թույլ չտալու ու նրանց անունները սև ցուցակում ներառելու նախադեպը:

«Մարդկանց մուտքն արգելելը, ովքեր օրենք չեն խախտել, այլ իրենց սեփական կարծիքն են հայտնել, մեծապես վնասում է երկու երկրների հարաբերություններին»,- ասաց Զախարովան՝ չմոռանալով հիշեցնել ռուսահպատակ բլոգերի ու «ռադիո Սպուտնիկի» ներկայացուցչի ձերբակալության փաստը՝ դա որակելով ցնցող նորություն, կարծիք հայտնելով, որ այդ սադրանքն ուղղված էր հայ-ռուսական մեդիաֆորումի աշխատանքները խափանելուն:

Նա նաև նշեց, որ այդ սադրանքն այն մարդկանց ձեռքի գործն է, ովքեր հետաքրքրված չեն հայ և ռուս ժողովուրդների մերձեցման մեջ:

«Առանձին ռուս փորձագետների խոսքերը համեմատելի չեն այն հակառուսական արշավի հետ, որը տարվում է ՀՀ մի շարք լրատվամիջոցներում… Մենք անհանգստացած ենք, որ Հայաստանում աճում է այն պրոարևմտյան մեդիա-կառույցների թիվը, որոնց գործունեությունն ուղղված է մեր երկրի ու հայ-ռուսական հարաբերությունների վարկաբեկմանը… Ցավոք, Հայաստանում կան ինֆորմացիոն ռեսուրսներ, որոնք ոչ թե քննադատում, այլ ցեխ են լցնում ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի վրա: Եվ ես ուզում եմ ընդգծել՝ այդ պրոպագանդան ոչ թե խրախուսվում, այլ առաջ է մղվում Հավաքական Արևմուտքի կողմից՝ շռայլորեն վարձատրվող ՀԿ-ների, փորձագետների ու գրանտների միջոցով»,- ասաց Մարիան Զախարովան՝ շեշտելով, որ նրանց թիրախային լսարանը երիտասարդներն են:

Ըստ նրա՝ տեղի է ունենում լավ մտածված գործողություն՝ փոխելու համար հայ հասարակական տրամադրությունների վեկտորը դեպի հակառուսական կողմնորոշում:

«Ընդ որում, ոչ տարածաշրջանի, և ոչ էլ Հայաստանի ապագան նրանց ընդհանրապես չի հետաքրքրում: Նրանց վերջնական նպատակը գեղեցիկ բառերով փաթեթավորված՝ երկու եղբայրական ժողովուրդների մեջ սեպ խրելն ու Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը խաթարելն է, միայն թե թուլացնեն Ռուսաստանին և տարածաշրջանում ստեղծեն գլոբալ քաոս»,- ասաց Մարիա Զախարովան:

Նա նաև դրական մեսիջները բարձրաձայնեց, ասաց, որ իրենց կատարած մոնիթորինգի արդյունքներով՝ ռուսական մեդիառեսուրսները Հայաստանում վայելում են ազգաբնակչության լայն զանգվածների վստահությունը, երկրում աշխատում են ռուսական հիմնական ԶԼՄ-ների թղթակցային կետերը, կարևորեց հայ և ռուս լրագրողական կազմակերպությունների համագործակցության հետագա զարգացումը:

«Մի տրվեք սադրանքներին: Մեր ընդհանուր պատմությունը և մեր ընդհանուր ապագան ամեն ինչի կդիմանա»,- եզրափակեց Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ տելեգրամյան իր ալիքում արձագանքել էր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե չի պատրաստվում արձագանքել ինչ-որ «քարտուղարուհու» գնահատականներին՝ նկատի ունենալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովային, ով բավականին կոշտ էր արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Լաչինի միջանցքի հետ կապված։

«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարներին». Ընկերուհիներ! Ձեր աշխատանքը, ոչ թե «քարտուղարի», այլ «քարտուղարի» աշխատանքը նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։

Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի նեղացիր, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու արտահայտվեց։

Մի տարածեք ձեր վերաբերմունքը նրա ասածի նկատմամբ հայ ժողովրդին. Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»,- ասել էր Զախարովան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս