Ինչո՞ւ է Լավրովը նման հայտարարություն անում. փաստացի` սպառնալիք
Քաղաքագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ստուգված տեղեկություններ ունի թուրքական և Երկնագույն հոսքերի պայթեցման ծրագրերի մասին: Հիշեցնեմ, որ այս երկու գազամուղերով Ռուսաստանը գազ է մատակարարում Թուրքիա, որտեղից այն ռեէքսպորտ է արվում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Եվրոպա: Երկու գազամուղերն էլ շատ կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար: Ավելին, դրանց շահագործման կասեցման դեպքում Թուրքիայում ձևավորվող միջազգային գազային հաբը հայտնվում է մեծ հարցականի տակ:
Ինչո՞ւ է Լավրովը նման հայտարարություն անում:
Չկարողանալով կնքել հացահատիկային գործարքը՝ Էրդողանն այժմ փորձում է իրականացնել այսպես կոչված «սևծովյան նախաձեռնությունը» երկկողմ՝ թուրք-ուկրաինական ձևաչափով: Դրան ի պատասխան Մոսկվան շրջանառության մեջ է դնում գազամուղների պայթեցման մասին խոսույթը, որը կարելի է ընթերցել հետևյալ կերպ՝
եթե Անկարան ու Կիևը գնան նման քայլի, ապա Մոսկվան չի բացառում Թուրքիայի համար ռազմավարական կարևորության կոմունիկացիաների պարալիզացումը: Փաստացիորեն սա ուղիղ սպառնալիք է:
Մոսկվայում քաջ գիտակցում են, որ թուրք-ուկրաինական նախաձեռնությունը հանգեցնելու է սևծովյան հումանիտար միջանցքների օգտագործմանը ռուսական նավատորմը թիրախավորելու նպատակով:
Սա ռուս-թուրքական լարվածության բազմաթիվ դրսևորումներից է: Կարծում եմ, պետք չէ մասնագետ լինել՝ այս ամենի հարավկովկասյան չափումը հասկանալու համար: