ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի զորավարժությունները «անցողիկ» կլինեին 10 տարի առաջ, բայց ոչ հիմա․ Սոլովյով
ԱՄՆ-ի հետ համատեղ Հայաստանի զորավարժությունները և Հռոմի ստատուտի վավերացման ծրագրերը նախկինում այլ կերպ կդիտարկվեին Ռուսաստանի կողմից, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, Sputnik Արմենիային ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովյովը Ռուս-հայկական առաջին մեդիաֆորումի շրջանակներում` մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը։
Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միայն մեկ ուժային կենտրոնից կախվածությունը ռազմավարական սխալ է եղել։
«Սա, իմ կարծիքով, ահազանգ է ոչ միայն մեր հարաբերությունների համար՝ հաշվի առնելով ընդհանուր բարդ ռազմավարական իրավիճակը։ Այդ թվում Հայաստանի համար, քանի որ հուսալի դաշնակցի վրա հենվելը` հանուն սեփական անվտանգության ապահովման, չափազանց կարևոր է համեմատաբար փոքր երկրի համար»,-ասել է Սոլովյովը։
Փորձագետի կարծիքով՝ ներկայումս նկատվող միտումները, անկասկած, տագնապալի են և մտածելու տեղիք են տալիս։
Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի իշխանությունների՝ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշման, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ նախատեսվող զորավարժությունների վրա:
Եթե դա տեղի ունենար 10 տարի առաջ, երբ Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններում սուր ենթատեքստ չկար, ապա դրանք, հավանաբար, «անցողիկ» միջոցառումներ կլինեին բազմավեկտորության շրջանակներում, որը միշտ գոյություն է ունեցել Հայաստանում։
Կոմպլիմենտարության այս քաղաքականությանը, Սոլովյովի խոսքով, Ռուսաստանի ղեկավարությունն ու հասարակական կարծիքը տարբեր աստիճանի ըմբռնումով էր վերաբերվում` հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը: Դա աշխարհագրական մեկուսացումն է, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունը որպես հարևան, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար ցանկացած այլընտրանքային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը և այլն։
Բայց հիմա, հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև փոխգործակցության հարցերում կոնֆլիկտի աճը, բնականաբար, որոշ ժեստեր և բառեր բավականին սուր են ընկալվում։
Նա հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող հայ-ռուսական մեդիաֆորումը և նմանատիպ այլ միջոցառումները կօգնեն ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումը, որ հայկական կողմը կկարողանա հաշվի առնել ՌԴ մտահոգությունները: Ռուս մասնագետներն իրենց հերթին Հայաստանում լսածը, այդ թվում` փակ քննարկումների ընթացքում լսածը, որպես նյութ կօգտագործեն ինտելեկտուալ-վերլուծական ապագա աշխատանքի համար:
Առաջին ռուս-հայկական մեդիաֆորումը ընթացել է Հայաստանում սեպտեմբերի 6-8-ը: Նախօրեին պատվիրակությունը, որի կազմում են ռուսաստանյան մեդիատարածքի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ, հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: