Ռուս իրավապաշտպանը Բադալյանի և Գևորգյանի ազատ արձակման հարցով դիմել է Աննա Վարդապետյանին

ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի փոխնախագահ Իվան Մելնիկովը Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել բլոգեր Միքայել Բադալյանին և Sputnik Արմենիա ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանին ազատ արձակելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

«Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել լրագրողներին ազատ արձակելու համար, աջակցել նրանց իրավունքների և խոսքի ազատության իրավունքի պահպանման ու պաշտպանության համար, այդ թվում՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում նրանց ձերբակալության համար մեղավոր անձանց հրապարակային պատասխանատվության ենթարկելու միջոցով» – ասված է Մելնիկովի դիմումում։

Նա ընդգծել է, որ Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, ՀՀ օրենքների և այլ նորմատիվ փաստաթղթերի նորմերի համաձայն` լրագրողների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումն անթույլատրելի է, լրագրողները և ԶԼՄ-ների մյուս աշխատողները պետք է իրենց երկրում կամ արտերկրում օգտվեն պաշտպանությունից, լրագրողն իր մասնագիտական գործունեության ընթացքում գտնվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պաշտպանության ներքո։

Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Նախաքննական մարմնի հաղորդագարության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930