Հիվանդանոցների ախտորոշիչ կաբինետներում և հիվանդասենյակներում կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը
Հայաստանում բժշկական կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը:
Լուսինե Բադալյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց նախագիծը՝ նախ նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացել հիվանդանոցային պայմաններում տեսալուսանկարահանող սարքերի տեղակայման վերաբերյալ:
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելում ենք: Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ»,-ներկայացրեց Բադալյանը:
Եթե հայտնաբերվում է խախտում, ապա տեսանյութերը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պահվում են մինչև խախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքում ստացված տվյալները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ից:
Հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: