Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի և 175 հայ զինծառայող. ԱՄՆ Զինված ուժեր

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի, ինչը, ըստ Ռուսաստանի, մտահոգիչ է, հաղորդում է Reuters-ը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ը անցկացվող Eagle Partner զորավարժությունների նպատակն է ուժեր պատրաստել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։

ԱՄՆ ռազմական ներկայացուցիչը հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծռայող։ Նա ասել է, որ ամերիկացիները, այդ թվում՝ Կանզասի ազգային գվարդիայի անդամները, որոնք 20 տարի համագործակցում են Հայաստանի հետ վարժանքներով, զինված են լինելու հրացաններով և ծանր զինատեսակներ չեն օգտագործելու։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Տեսանյութեր

Լրահոս