Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդեռլանդներն է
Ստամբուլում Նիդերլանդների գլխավոր հյուպատոս Արյեն Ուեյթերլինդեն հայտարարել է, որ Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդերլանդներն է։ Նա նաև նշել է, որ 2023-ի առաջին կեսին երկու երկրների միջև առևտրային ծավալը 6․8 մլրդ դոլար է կազմել, իսկ 2023-ին առևտրի ծավալը ամենայն հավանականությամբ կկազմի 12․5մլրդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երկու երկրների միջև առևտուրն ընդգրկում է տարբեր ոլորտներ, մասնավորապես Թուրքիան Նիդերլանդներ է արտահանում հանքային վառելիք, հագուստ, տեքստիլ, պլաստմասե արտադրանք, մեքենաներ և մասեր, կահույք և մետաղական իրեր։ Պարենի և գյուղատնտեսության ոլորտում երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 10%:
2022-ին Նիդերլանդները եղել է Թուրքիայում ամենախոշոր ներդրողը։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 863 մլն դոլար։ Ուեյթերլինդեն նշել է, որ 2002-2022թթ. ընթացքում հոլանդական ընկերությունները Թուրքիայում կատարել են ընդհանուր առմամբ 28մլրդ դոլարի ներդրում։ Թուրքիայում գործում են 3․000-ից ավելի հոլանդական ընկերություններ՝ կեսից ավելին գտնվում է հենց Ստամբուլում։
Հյուպատոսը նաև հավելել է, որ քանի որ Նիդերլանդները Եվրոպա տանող դարպասն է, բազմաթիվ թուրքական ընկերություններ և ֆինանսական հաստատություններ նախընտրում են ներդրումներ անել հենց Նիդերլանդներում։