Ադրբեջանն իսրայելական ավիաբազայից պայթուցիկ ռազմամթերք է տեղափոխել ոչ միայն Բաքու, այլև հայ-ադրբեջանական առաջնագիծ. Հետք
Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են: Այս մասին գրել է «Հետքը»։
Սա պետք է գրավի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրությունը, քանզի «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք:
2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ ադրբեջանական բեռնատարները առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդայում», ապա ուղղություն վերցրել դեպի Ադրբեջան: Վերջին տարիներին Իսրայելն այդ երկրի գլխավոր ռազմական մատակարարն է: 2023 թ. ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»:
Թռիչքներն իրականացրել են ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության բեռնատար օդանավերը։
«Silk Way Airlines»-ի Բաքու-«Օվդա» չվերթերը համարակալվում են ZP 4611, իսկ «Օվդա»-Բաքուն (հետադարձ)՝ ZP 4612: Սակայն սրանք Ադրբեջանը իսրայելական այս ավիաբազային կապող միակ չվերթերը չեն, ինչը նշանակում է, որ թռիչքների՝ անցյալ անգամ մեր նշած 96 թիվն իրականում ավելի մեծ է եղել:
Թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:
Եվ ահա սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում Ադրբեջանի հերթական սադրանքի ֆոնին թռիչքները դեպի պայթուցիկ սպառազինության մատակարար «Օվդա» կրկին ակտիվացել են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ եւ 2 վիրավոր:
Ուսումնասիրելով «Silk Way Airlines»-ի թռիչքները դեպի «Օվդա»՝ տեսնում ենք, որ օգոստոս-սեպտեմբերին դրանք հաճախակիացել են, ինչը, դատելով նախորդ փորձից, պետք է «կարմիր լույս» վառի ՀՀ պատկան կառույցների առաջ:
Այսպիսով՝ միայն օգոստոս-սեպտեմբերին, իսկ ավելի կոնկրետ՝ վերջին 3 շաբաթում, ադրբեջանական ավիաընկերության բեռնատարներից մեկը՝ 4K-AZ40 գրանցումով «Իլ-76ՏԴ»-ն, 4 անգամ վայրէջք է կատարել «Օվդայում»:
Ահա վիճակագրությունը:
15.08.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.08.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Բաքու (ZP 4632)
01.09.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4641), «Օվդա»-Գյանջա (ZP 4642)
02.09.2023 – Գյանջա-«Օվդա» (ZP 4651), «Օվդա»-Գյանջա (ZP 4652), Գյանջա-Բաքու (ZP 4652)
Սա թույլ է տալիս ասել, որ վերջին օրերին Ադրբեջանը պայթուցիկ ռազմամթերք է տեղափոխել ոչ միայն Բաքու, այլեւ հայ-ադրբեջանական առաջնագծին ու Արցախին շատ ավելի մոտ կետ՝ Գյանջա, ինչն ուշադրության արժանի հանգամանք է:
Նկատենք նաեւ, որ «Իլ-76ՏԴ»-ի բեռնատարողությունը 50 տոննա է:
Այսպիսով՝ միայն 2023 թվականին «Silk Way Airlines»-ի օդանավերը հասցրել են 11 անգամ վայրէջք կատարել «Օվդայում», որից հետո վերադարձել են Բաքու կամ Գյանջա:
Սրան զուգահեռ շարունակվում են ադրբեջանական օպերատորի «դուստր» ընկերության՝ «Silk Way West Airlines»-ի ամերիկյան «Boeing 747» տիպի բեռնատարների ամենշաբաթյա չվերթերը Բաքու-Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ:
Հատկանշական է նաեւ, որ վերոնշյալ 4K-AZ40-ը օգոստոսի 12-ին եւ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Բաքվից թռել է չեխական Բռնո քաղաք, որը հայտնի է, մասնավորապես, հրաձգային սպառազինության արտադրանքով: