Կրակոցներ՝ Լոռու մարզում. բժիշկները պայքարում են հրազենային վնասվածք ստացած երկու կանանց կյանքի համար
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։
Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը ՝ 34: Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։
Վարկածներից մեկի համաձայն հնարավոր է այն կապ ունի օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք, բացի նրանցից, այլ վիրավորներ կա՞ն։
Ավելի վաղ դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ օգոստոսի 31-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է բերվել իրենց մոտ:
Հիվանդանոց մեկնած ոստկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալ: