Բաժիններ՝

Արամ Խաչատրյանի 120-ամյակը մեծ շուքով կնշվի նաև Ստամբուլում

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Ստամբուլում տեղակայված ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ առաջիկա օրերին քաղաքում նշվելու է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Սա իր բնույթով արդեն միջազգային հոբելյան է, քանի որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի մեջ։

Նախագծի իրականացման պատասխանատուներից է ՍՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։ Նախկինում մեր ներկայացուցչությունը Ստամբուլում կազմակերպել է երկու կարևոր համերգ։ Առաջինը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին, իսկ երկրորդը՝ ՀՀ մշտական ներկայացուցչության հիմնադրման 30-ամյակին։ Արամ Խաչարյանի 120-ամյակին նվիրված մոտալուտ համերգը համալրելու է այս շարքը։ Հայաստանի ներկայացուցչությունն այս հոբելյանը կազմակերպելու համար համագործակցել է Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության և «Բերա» թանգարանի հետ։

Մեր ներկայացուցչությունը ծրագրի շրջանակում համագործակցում է նաև մեծանուն դաշնակահար Շահան Արծրունու հետ, ով մեծապես նպաստում է նախագծի իրականացմանն իր խորհուրդներով և ցուցումներով։ Նա ամբողջ աշխարհում հայտնի է հենց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների անզուգական կատարմամբ և ակտիվորեն համագործակցում է Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ։ ՍՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը ԱՄՆ-ում պաշտոնավարելու տարիներին ծանոթացել է Շահան Արծրունու հետ, ականատես եղել նրա գործունեությանը, ուստի այդ հանգամանքը ծառայեցնում է Ստամբուլում նախատեսված կարևոր ծրագրի իրականացմանը, որը բաղկացած է երկու փուլից։

Նախ սեպտեմբերի 21-ին, ժամը 19.30-ին տեղի կունենա մեծ համերգ, որին կմասնակցեն Երևանից ժամանած «Խաչատրյան» եռյակը և Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության նվագախումբը։ Ներկաները հնարավորություն կունենան նաև դիտելու շատ հատկանշական ֆիլմ, որը պատրաստվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ներկայացնում է հռչակավոր վարպետի արտասահմանյան շրջագայությունները։ Համերգի մուտքն անվճար է։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ըմբոշխնելու Արամ Խաչատրյանի արվեստը, հաղորդակից կդառնան նրա երաժշտությանը։

Հարկ է նշել, որ Հայաստանի ներկայացուցչությունը պատշաճ կերպով իրականացրել է համապատասխան կազմակերչպական աշխատանքը պատկան բոլոր մարմինների հետ։ Նախաձեռնության հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության ղեկավարներից է մեներգիչ Արթուր Բաղդասարյանը, որ Երևանի Պետական երաժշտանոցի շրջանավարտներից է ու ներգրավված է կազմակերպչական աշխատանքներում։

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ ծրագրված համերգից բացի, նախատեսված է նաև ասուլիս, որը պետք է վարի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Ասուլիսի վերջում Շահան Արծրունին ներկաների համար կատարելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը, ինչն, ըստ կազմակերպիչների, մեծանուն կոմպոզիտորի արվեստի հետ կենդանի շփում ապահովելու հնարավորություն կընձեռի։ Սահակ Սարգսյանը տոնակատարությանն ընդառաջ այցելել է Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, ով իր օրհնությունն է փոխանցել հոբելյանական ծրագրի առթիվ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս