Պարեկների կողմից դաժան ծեծի ենթարկված քաղաքացուն ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Քննություն է կատարվում համակողմանիորեն պարզելու քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում կատարված առերևույթ խուլիգանության, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ խոչընդոտելու, քաղաքացուն դանակով սպառնալու, ինչպես նաև ոստիկանների կողմից առերևույթ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, բռնությամբ զուգորդված, չարաշահելու հանգամանքները:

Ոստիկանության պարեկային ծառայողից օգոստոսի 30-ին ստացված զեկուցագրի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը, ժամը 01:40-ի սահմաններում, ծառայություն իրականացնող ոստիկանները, սառը զենք կրելու և այլ անձանց կյանքին և առողջությանը անմիջական սպառնալիք հասցնելու հիմնավոր ծագած կասկածանքով ձերբակալել և Երևան քաղաքի Թամանցիների փողոցից ոստիկանության բաժին են տեղափոխել մի տղամարդու, ով ոստիկանության բաժնի դիմաց, մեքենան կայանելուց հետո, չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին:

Ներս մտնելով ոստիկանության բաժին՝ քաղաքացին սկսել է դրսևորել ագրեսիվ պահվածք՝ հայհոյել է, ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը: Տեսնելով, որ տղամարդը շարունակում է ագրեսիվ պահվածք դրսևորել և անկանոն շարժումներ է կատարում՝ իրեն վնասելու նպատակով, ոստիկանը փորձել է հանգստացնել քաղաքացուն:

Այնուհետև, քաղաքացին խնդրել է բացել ձեռնաշղթաները՝ ջուր խմելու և լվացվելու նպատակով և, օգտվելով ձեռքերի ազատ լինելու հանգամանքից, անսպասելի միտումնավոր հարվածել է միջանցքում գտնվող պատուհանին, կոտրել այն, ինչի բեկորներից վնասվել է նրա ձեռքը։ Քաղաքացուն ցուցաբերվել է առաջին օգնություն, կանչվել է շտապօգնություն, նա տեղափոխվել է հիվանդանոց:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ տղամարդու ինքնությունը, ով Հրազդան քաղաքի 45-ամյա բնակիչ է: Կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Նախաքննության ընթացքում նշված տղամարդը հաղորդում է տվել այն մասին, որ պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը, բաժին բերելու ճանապարհին, իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ ոստիկանության բաժնում մի քանի ոստիկաններ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն, որի ընթացքում, ըստ ձերբակալվածի՝ պաշտպանվելու նպատակով, ինքը հարվածել է ոստիկաններին, հրելու արդյունքում ձեռքով և դեմքով դիպել է ոստիկանության բաժնի պատուհանին, որը կոտրվել է և վնասել իր ձեռքը: Ոստիկանության ծառայողների կողմից նշված անձի նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև ձերբակալվածի փատաբանի կողմից։

Նշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քաղաքացու վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Որոշում է կայացվել պարեկային ծառայողներին ամրակցված, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրություններն առգրավվելու վերաբերյալ։

Ոստիկանների կողմից առերևույթ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը բռնությամբ զուգորդված չարաշահելու, լիազորություններն անցնելու մասն առանձացվել է առանձին վարույթում և ուղարկվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն՝ նախաքննություն կատարելու համար։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս