Ալիևը Շառլ Միշելին հիշեցրել է՝ ինչ են պայմանավորվել Փաշինյանի հետ հուլիսի 15-ին

Բաքուն արձագանքել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը իր հերթին է հիշեցրել հուլիսի 15-ին կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման մասին և պնդել, որ այդ բանակցությունների ընթացքում «համաձայնեցվել է տարբեր երթուղիներով ապրանքների առաքումը Ադրբեջանի Ղարաբաղի շրջան, ինչպես նաև Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի բացմանը զուգահեռ»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարում է՝ «պայմանավորվածությունները խախտվել են հայկական կողմի անօրինական պայմանների պատճառով»։

Ադրբեջանական կողմը չի արձագանքել Միշելի՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին հայտարարությանը, փոխարենը Բաքուն կրկնել է՝ հայերը կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները:

«Ադրբեջանը վճռական է Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով բնակիչներին վերինտեգրելու հարցում՝ որպես իրավահավասար քաղաքացիների՝ նրանց ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ նախատեսված իրավունքներով և ազատություններով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս