Ոստիկանության պարզաբանումը՝ Շենգավիթի բաժնում տեղի ունեցած խոշտանգման դեպքի առնչությամբ
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ համացանցում տարածված տեսանյութի՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին, ժամը 1.40-ին, Երևանի պարեկերը Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ:
Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին:
Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը:
Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Քննիչի որոշմամբ՝ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար’ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Դանիել Իոաննիսյանն էր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար և տեսանյութ տարածել՝ գրելով.
«Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին այն կապակցությամբ, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող։ Բայց դե պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժնը արյունլվիկ չանեն։ Կադրերում` պարեկների կողմից խոշտագված Արայիկ Ավագյանը` նախորդ գիշեր Շենգավիթի բաժնում»։