Մոլդովայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 60 օրով
Մոլդովայի խորհրդարանը հուլիսի 31-ին կայացած նիստում ևս 60 օրով երկարաձգել է երկրում արտակարգ դրության ռեժիմը՝ սկսած օգոստոսի 4-ից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Որոշումը պաշտպանել են իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորները (խորհրդարանի 101 պատգամավորից 55-ը):
Ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից՝ վարչապետ Դորին Ռեչանը նման անհրաժեշտությունը պատճառաբանել Է Ուկրաինայում շարունակվող հակամարտությամբ:
Նրա խոսքով՝ նաև ներկայիս պայմաններում հնարավոր է փախստականների հոսքի ավելացում, այդ թվում ՝ նրանց, որոնք ապաստան կպահանջեն Մոլդովայում կամ կհատեն նրա տարածքը՝ ԵՄ անդամ պետություններ հասնելու համար:
Որոշման բացատրական գրության մեջ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման համար փաստարկներ են հանդիսանում Մոլդովայի օդային տարածքի խախտման ուղղակի սպառնալիքները, ԶԱԷԿ-ում միջուկային աղետի պահպանվող ռիսկը և այլն:
«Կառավարությունն անհրաժեշտ է համարում արտակարգ դրության երկարաձգումը, որպեսզի անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջամտության հնարավորություն ունենա ՝ գործող նորմատիվ-իրավական բազայով նախատեսված ինչ-ինչ որոշումների ընդունման համար»,-ընդգծել է Ռեչանը:
Մոլդովայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է 2022 թվականի փետրվարի 24 -ին, այնուհետև ութ անգամ երկարաձգվել է 60 օրով, մեկ անգամ ՝ 45 օրով։ Վերջին անգամ որոշումը կայացվել է հունիսի սկզբին, արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամկետը լրանում է օգոստոսի 4-ին: