«Հայաստան» խմբակցությունը Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստով նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանցիների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովներին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։ Այդ մասին հայտնում են խմբակցությունից։

Խմբակցության անունից ուղղված նամակում, դատապարտելով միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը և մարդկության հիմնարար սկզբունքների բացահայտ անտեսումը, նշվում է, որ նման արարքը ոչ միայն ոտնահարում է անմեղ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, այլև՝ խաթարում է Միջազգային Կարմիր Խաչի կողմից մարդասիրական գործողություններին օժանդակելու գործում ներդրված ջանքերին։

Ակնհայտ է, որ այս արարքն ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում հուսահատություն տարածմանը, այլև՝ Կարմիր Խաչի համբավն արատավորելուն և կարևոր մարդասիրական առաքելության իրականացման խոչընդոտմանը։

Խմբակցությունը կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Վագիֆ Խաչատրյանի անվտանգ և արագ վերադարձն իր ընտանիք և պատասխանատվության ենթարկել նրա առևանգման պատասխանատուներին՝ համաձայն միջազգային իրավունքի։

«Հայաստան» խմբակցությունը նաև հորդորում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին բազմապատկել իր ջանքերը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումը և տարածաշրջանում մարդասիրական իրավունքի ոտնահարման դեպքերը։

Տեսանյութեր

Լրահոս