Ադրբեջանի բռնապետ Ալիևն օգտվում է անտարբերությունից՝ սեղմելով իր մահաբեր օղակը հայկական ԼՂ-ում. Ֆրանսիայի քաղաքական ուժերը կոչով են հանդես եկել

Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյա­կից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկա­յա­ցուցիչներ, այդ թվում՝ Սենատի Սոցիալիստական խմբակցության նա­խա­գահ Պատ­րիկ Կանները, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասսասին, Բնա­պահ­պանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սե­նա­տի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձ­­նաժողովի փոխ­նախագահ Մարի-Արլետ Կարլոտտին, Ֆրանսիա-Հայաս­տան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, Կոմունիստական կուսակցության անդամ և բարեկամության խմբի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Սենատի Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնա­խա­գահ Ֆաբիեն Գայը, Ազգային ժողովի Ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը և այլք, հանդես են եկել Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ուղղված կոչով՝ գործնական աջակ­ցու­թյուն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղին։

«Այս անհանգիստ ժամանակաշրջանում, երբ անկարգություններն աշխարհում ահագնանում են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ջանքեր է գործադրում՝ փորձելով ոչ միայն գոյատևել, այլև Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) մարմնավորել այն ժողովրդավարական արժեքները, որոնք մենք համարում ենք մերը։ Մինչդեռ, մենք ոչ մի քայլ այս առնչությամբ չենք նախաձեռնում և նրան չենք աջակցում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման փորձերին դիմակայելու հարցում: Համաշխարհային նորությունների յուրա­քանչյուր նոր ցնցման պայմաններում, որի վերջին օրինակը Պրիգոժինի գործն է, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն օգտվում է ինչպես մեր՝ այլ ուղղությամբ սևեռված ուշադրությունից, այնպես էլ՝ մեղավոր անտարբերությունից՝ այդպիսով էլ ավելի սեղմելով իր մահաբեր օղակը հայկական այս տարածքում:

Այսպես, հունիսի 15-ից վերջնականապես հրաժարվելով Լեռնային Ղարաբաղը և Հայաս­տանը կապող Լաչինի միջանցքում ազատ երթևեկության շուրջ մտացածին պատմությունը և սաստկացնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը՝ Իլհամ Ալիևը տեղադրել է բետոնե պատնեշներ՝ վերջնականապես արգելափակելով հաղորդակցությունը։

Ներկայիս ընդլայնված Եվրոպայում սա «Նոր Բեռլինի պատ» է, որը Լեռնային Ղարաբաղի հարյուր քսան հազար բնակչությանը տանում է դեպի սովամահություն։ Արդյոք մեր հանրապետական ​​գործընկերների պես մենք ևս պետք է կրկնենք, որ Բաքվի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի ամենատար­րա­կան սկզբունքներին։ Արդյոք մենք դեռ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է իր իսկ ստանձնած պարտավորությունները և 2020 թվականի նոյեմբերի հրադադարի պայմանները:

Արդյոք մենք պետք է վերստին հիշեցնենք, որ այս սրիկա պետությունը, ծաղրելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը նրան պարտադրում է անհապաղ վերականգնել է ազատ տեղաշարժը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, իրեն դարձնում է վտարանդի միջազգային հանրությունից։ Եվ վերջապես, արդյոք պետք է նշենք, որ գործադիր իշխանությունն ունի գործելու հստակ մանդատ՝ առաջնորդվելով 2022 թվականի նոյեմբերի 15-ին Սենատի և 2022 թվականի նոյեմբերի 30-ի Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևերով, որոնք տալիս են լիարժեք ազատություն՝ Բաքվի ռեժիմի դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ նախաձեռնելու և հարձակման ենթարկված հայերին վճռական ու անհապաղ աջակցություն ցուցա­բերելու հարցում։

Ընթացիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիան գիտի, թե ինչպես պատժել՝ ում կամենում է և երբ դա կամենում է, նույնիսկ հզոր Ռուսաստանի պարագայում է այդպես։ Ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք նաև գիտենք, թե ինչպես մեր ուժերը տեղակայենք Մոլդովայի սահմաններին։ Հօգուտ Լեռնային Ղարաբաղի մեր կրկնվող կոչերը չլսելը և հօգուտ նրա մեր հանձնառած միջոցները չհամախմբելը նշանակում է լինել Ադրբեջանի մեղսակիցը։

Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ դիմադրության հայազգի մարտիկ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի պանթեոն մուտք կգործի 2024 թվականի փետրվարի 21-ին՝ իր մահապատժից ութսուն տարի անց։ Մեզ մնում է միայն ողջունել այս որոշումը, որն ի դեմս Մանուշյանի՝ ոգեկոչում է նաև որևէ երկրի քաղաքացիություն չունեցող և մերժված հարյուրավոր մարդկանց՝ հայերի, հրեա­ների, իսպանացի հանրապետականների, իտալացի հակաֆաշիստների և շատ ուրիշ­ների հանձնառությունը՝ ծառայելու հօգուտ ազատության, մարդկության և եղբայրության արժեքների, որոնք Հանրապետության արժեքներն են հանդիսանում։ Բայց այս արդարացի երախտագիտությունը չպետք է վերածվի խեղկատակության՝ ծառայելով որպես պատնեշ, որը թույլ է տալիս հայերին թողնել միայնակ ներկայիս ավտորիտար և ավտոկրատ ադրբեջանական ռեժիմին դեմ-հանդիման:

Հայկական Լեռնային Ղարաբաղը գտնվում է վերացման եզրին։ Լեռնային Ղարաբաղը, որը Հարավային Կովկասում ներկայացնում է այն, ինչ մենք պնդում ենք, որ մարմնավորում ենք, արժանի է ավելիին, քան անուշադիր հայացքն է: Այն պարզապես արժանի է, որ իր քաղաքացիների ինքնորոշման իրավունքը կիրարկվի: Այն արդարացնում է Ֆրանսիայի դերն ու գործունեությունը տարածաշրջանում, հաստատում է մեր երկրի գործելու օրինականությունը և բռնի ուժով հաստատված օկուպացիան որևէ պարագայում չի կարող կասկածի տակ դնել դրա գոյությունը։

Իր կնոջը՝ Մելինեին ուղղված հրաժեշտի իր հայտնի նամակում Միսաք Մանուշյանը գրել է. «Իմ մահվան պահին ես հայտարարում եմ, որ ատելություն չունեմ գեր­մա­նացի ժողովրդի և որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա ըստ արժանվույն՝ պատժի կամ պարգևի տեսքով։ Գերմանացի ժողովուրդը և մյուս բոլոր ժողո­վուրդ­ները պատերազմից հետո կապրեն խաղաղության և եղբայրության մեջ, որը երկար չի տևի»։

Մենք խնդրում ենք Էմանուել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և նրա հանցախմբի նկատմամբ՝ առանց ատելություն տածելու իր ժողովրդի հանդեպ, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները վերջապես կարողանան գոյակցել խաղաղու­թյան և եղբայրության պայմաններում այս Հարավային Կովկասում, որտեղ նրանք ապրում են կողք կողքի»,-  նշված է Ֆրանսիայի քաղաքական ուժերի կոչ-հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս