Ովքեր ուրանում են մեր Արցախ աշխարհը, նրանք շիրիմ չեն ունենալու, նզովված են լինելու. Բագրատ Սրբազան

Մեր ողջ ժողովրդի նկարագիրն է այսօր Արցախ աշխարհում։ Ի՞նչ է այնտեղ տեղի ունենում։ Ձգտում են մի ողջ ժողովրդի ստորացնել, անարգել, տենչում են սովի մատնել, սպանել ու ոչնչացնել։ Եվ դա ոչ միայն ֆիզիկապես՝ մեր հավերժական թշնամու կողմից, այլև հոգեպես՝ մեր իսկ կողմից։ Ասվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզում:

«Յուրաքանչյուրի խղճի վրա է ծանրացած այսօրը, և, առաջին հերթին, այո, պատասխանատուների վրա, որոնց մասին մեր Տերն ասում է․ «Դատելու եմ ձեզ, իմ ժողովրդի ավագներ և իշխաններ, դատելու եմ ձեզ» (Եսայի 3։14), դատելու եմ ոչ միայն ձեզ՝ ուրացողներիդ, այլ նաև ձեր անցյալը՝ շիրիմներն եմ դատելու, և ձեր գալիք սերունդներն են նզովված լինելու, որովհետև «Դուք հիկիզեցիք իմ այգին» (Եսայի 3։14), այլ լեզվով՝ ՂարաԲԱՂը, մեր տունը, մեր մշակության վայրը, մեր սխրանքների իրագործման խտացված ճշմարտությունը, մեր անպատիվ կյանքի արժանապատվությունը վերականգնած մեր մեծ Հայրենիքը։

Եվ ես շարունակում եմ մեր Տիրոջ խոսքն՝ ասելով՝ Բոլոր նրանց կամ նրան, ովքեր ուրանում են մեր Արցախ աշխարհը, ինձ համար, մեզ համար պայքարող, կռիվ տվող մեր սքանչելի, հերոսական ժողովրդի մի հատվածը, նրանք շիրիմ չեն ունենալու, նզովված են լինելու, նզովված են լինելու ոչ միայն իրենք, այլ նա իրենց շիրիմները և իրենց սերունդները։ Դուք խրախճանքի մեջ եղեք, ցնծացեք և ուրախացեք, ձեզ ուրախացրեք, և այդ ուրախության մեջ մահը բերեք ձեր քույրերին և եղբայրներին»,-ասել է սրբազանը։

Տեսանյութեր

Լրահոս