Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Լաչինի միջանցքում 68-ամյա արցախցու առևանգմանը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը՝ մեկնաբանելով ԿԽՄԿ-ի հաղորդագրությունն այն մասին, որ նախօրեին Լաչինի միջանցքով 15 հիվանդի մարդասիրական տեղափոխման ժամանակ մեկ հիվանդ ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին:
Վերջինիս իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է»։
Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (մոտ 5,5 միլիոն մանաթի / մոտ 3,2 միլիոն դոլարի նյութական վնաս »։
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։
Ադրբեջանական կողմը նշել է, որ «նրա գտնվելու վայրը հետաքննությանը հայտնի չլինելու պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, և 2013 թվականի նոյեմբերի 12-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։
«Որոնողական աշխատանքների արդյունքում Վագիֆ Խաչատրյանը 2023 թվականի հուլիսի 29-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի՝ Լաչինի սահմանային անցակետից բերման է ենթարկվել պետական սահմանային ծառայության զինծառայողների կողմից՝ փորձելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժման նպատակով մեկնել Հայաստանի Հանրապետություն։
Կապահովվի Վագիֆ Խաչատրյանին Բաքվի բժշկական հաստատություն տեղավորումը, անհրաժեշտ բուժօգնության ապահովումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար պայմանների ստեղծումը»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։