Բաժիններ՝

Խաչքարի, գերեզմանաքարի և հուշարձանի կողքին՝ բացօթյա սրճարան Ազգային ժողովի բակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանությունները որոշել են խորհրդարանը վերածել ժամանցի վայրի: Իշխող քաղաքական ուժի նախաձեռնությամբ՝ ԱԺ բակում բացօթյա սրճարան կբացվի: Թե որքանով է արդյունավետ ծախս անել եւ մի քանի ամիս աշխատելու համար բացօթյա սրճարան կառուցել, դժվար է ասել: Համենայնդեպս, ԱԺ ճաշարանի աշխատակիցները մշտապես դժգոհում են քիչ առեւտրից: Այս օրերին ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ԱԺ բակը քարուքանդ են արել, որպեսզի բացօթյա սրճարան կառուցեն:

ArmLur-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարել է, որ մինչեւ ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերը, սրճարանն արդեն պատրաստ լինի: Հավանաբար խորհրդարանականները որոշել են աշխատանքը համատեղել ժամանցի հետ. երբ շատ աշխատելուց հոգնեն, իջնեն դուրս՝ ԱԺ սրճարան՝ հանգստանալու եւ սրճելու: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանին՝ հասկանալու, թե ինչ նպատակով եւ ինչ միջոցներից, որքան գումար է ծախսվում սրճարանը կառուցելու համար, բայց դեռ արձագանք չկա:

Տեղեկացանք, որ լրատվական ծառայության ղեկավար Լաուրա Անտոնյանը, ԱԺ աշխատկազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը մեկնել են Հունաստան՝ հանգստի: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Իբիցայում է եւ հրապարակավ կարծիքներ է հավաքում իր նոր ակնոցի վերաբերյալ՝ «Սազո՞ւմ է»: Այո՛, սազում է, գնե՛ք, միայն այլ գնումներ չցուցադրեք:

Հ.Գ. Ուշ երեկոյան ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը մեզ փոխանցեց, որ այն լինելու է բացօթյա ճաշարան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս