Բաժիններ՝

Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ»-ը՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր բազմաբովանդակ խաղացանկը կհարստացնի օպերային արվեստի ևս մեկ գոհարով՝ Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայով:

Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 29-ին:

Բեմադրության ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցևը հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց՝ մի քիչ անհանգստանում է, քանի որ Երևանի օպերային թատրոնը հզոր պատմություն ունի, որտեղ աշխատելը գերագույն հաճույք է և պատասխանատվություն: «Ես չգիտեմ որևէ թատրոն, որտեղ Տուրանդոտի հինգ կատարող լինի, իսկ այս թատրոնում նրանք կան. դա ֆանտաստիկ է: Թատրոնները երազում են Տուրանդոտի գոնե մեկ կատարողի մասին, իսկ Երևանում այնպիսի ադամանդներ կան, հրաշալի ձայներով արտիստների մի ամբողջ խումբ: Բոլորը հետաքրքիր են, վառ ու զարմանալի»,-շեշտեց ռեժիսորը:

Նա կարծում է՝ ռեժիսուրան երբեք չպետք է ծածկի երաժշտությունը, այլ պետք է ընդգծի կոմպոզիտորի աշխատանքը, դասական պատմությունը՝ ժամանակակից ու վառ տեխնոլոգիաների միջոցով: «Տեսնում ենք, թե ինչպես են զարգանում մուլտիմեդիան, լուսային և այլ տեխնոլոգիաները, բայց մեր խնդիրն էր չփոխել պատմության դասական կոնտեքստն ու ստեղծել ներկայացում, որը հետաքրքիր կլինի ժամանակակից հանդիսատեսին»,-ասաց Ստարոդուբցևը:

Ռեժիսորը հասցրել է Երևանի օպերային թատրոնի որոշ ներկայացումներից պատառիկներ դիտել: «Մեծ երջանկություն է ունկնդրել ու դիտել «Սպարտակ» բալետը այդ երաժշտական մշակույթը կրողի հայրենիքում»,-նշեց նա:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը հավաստիացրեց՝ բավականին լուրջ աշխատանք է տարվել. կոստյումները որակյալ են, ներկայացումը հարուստ է: «Շնորհակալ եմ Վյաչեսլավին և նրա թիմին: Նրանք կարող են ցույց տալ, թե ինչպես է պետք պրոֆեսիոնալ աշխատել: Կան ոլորտներ, որտեղ մենք թերանում ենք և պետք չէ վախենալ բարձրաձայնել այդ մասին ու շտկել բացթողումները: Այս ժամանակահատվածը մեզ համար կարևոր է. մեր գործընկերները, մեր երիտասարդ ուժերը կարող են սովորել, ինչը կօգնի ոչ միայն պահպանել ներկայացումը, այլև հաջորդ ներկայացումներում հաջողություններ գրանցել ու ձևավորել մեր աշխատանքային թիմը: Հուսամ՝ հանդիսատեսը կհավանի ներկայացումը, որը վառ է ու լուսավոր»,-շեշտեց Կարեն Դուրգարյանը:

Դիրիժոր Հարություն Արզումանյանը գլուխգործոց է համարում Պուչինիի բոլոր օպերաները, բայց նրա ահռելի ժառանգության մեջ առանձնացնում է «Տուրանդոտ» օպերան, որը կոմպոզիտորը չի հասցրել ավարտել: Այն ավարտին է հասցրել նրա համախոհն ու աշակերտը՝ Ալֆանոն: Երևանյան բեմադրության մեջ միայն այն հատվածն է ընդգրկվել, որը գրել է Պուչինին: «Բարդագույն օպերա է: Ի տարբերություն Պուչինիի մյուս օպերաների, որոնցում երգչախումբը քիչ է ընդգրկված, «Տուրանդոտ»-ը հիմնված է երգչախմբի վրա: Ռեժիսորն էլ այնպես է բեմադրել, որ երգչախումբն ակտիվ ու հետաքրքիր աշխատի: Բարդագույն դեր են կատարում երգչախմբի արտիստները՝ խաղալով և գործողության կարևոր մաս լինելով»,-ընդգծեց դիրիժորն ու երջանկություն համարեց հանճարեղ ստեղծագործության վրա աշխատելը, որի միայն համերգային կատարումն է եղել երևանյան թատրոնում:

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ «Տուրանդոտ»-ը լավագույն օպերաներից է, և յուրաքանչյուր թատրոն ձգտում է այն ներառել իր խաղացանկում: Քոչարյանը կարևորեց, որ նախարարությունն աջակցում է նման նախաձեռնություններին և «Տուրանդոտ»-ի իրականացման համար տրամադրել է շուրջ 50 մլն դրամ: «Նման բարձրակարգ ներկայացումները հարստացնում են մեր հասարակությունը, հաղորդում են նոր հոգևոր լիցքեր, բարձրացնում են հասարակության՝ արվեստի ընկալման մակարդակն ու խթանում են դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերին»,-շեշտեց Քոչարյանը:

Փոխնախարարն ասաց՝ իրենց նպատակն է առավելագույնս դիվերսիֆիկացնել մշակութային կյանքը Հայաստանում և դառնալ տարածաշրջանի մշակութային ու ժամանցային կենտրոն:

Արքայադուստր Տուրանդոտի և Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալա թատրոնում, որից հետո այն տարածում է գտել աշխարհի տարբեր անկյունների ամենահեղինակավոր համերգասրահներում և թատրոններում: Կալաֆը երիտասարդ արքայազն է, որը փորձում է գրավել արքայադուստր Տուրանդոտի սիրտը, ինչն էլ նրան հաջողվում է:

Երևանի օպերային թատրոնի «Տուրանդոտ» ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի ինչպես արդեն անվանի, այնպես էլ երիտասարդ մեներգիչները, թատրոնի երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը:

Բեմադրությունն իրականացրել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Նովոսիբիրսկի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վյաչեսլավ Ստարոդուբցևը, գեղեցիկ դեկորացաների և շքեղ հագուստների հեղինակն է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Պրիմորսկիի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունևը, իսկ հագուստները պատրաստել է «Գաբաջյան նորաձևության տուն»-ը: Ներկայացման լուսային ռեժիսորն է Սերգեյ Սկորնեցկին, իսկ վիդեո կոնտենտի բեմադրիչը՝ Վադիմ Դուլենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս