ՀՀ նախագահը և Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային իրողությունները և զարգացումները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր պաշտոնավարման ընթացքում կփորձի առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:
«Պատիվ ունեմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները փոխանցել Ձեզ և բարեկամ Հայաստանի ժողովրդին: Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ խորն են: Երկու երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ և ես իմ ողջ ջանքերը կներդնեմ այդ ներուժի իրացման գործում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք առավել զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանիը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում մեր երկրների միջև հաստատված ամուր փոխհարաբերություններն առավել մեծ զարգացում կապրեն:
«Շնորհակալություն պարոն Ռայիսիի ողջույների համար: Փոխանցեք իմ և հայ ժողովրդի անունից ողջույնի խոսքեր ու լավագույն բարեմաղթանքները: Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում մեծ փորձությունների միջով է անցել, և այդ տարիների ընթացքում մեր և Իրանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, իրենց զարգացումն են ապրել»,- նշել է նախագահը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաշերտ համագործակցության հարցեր և փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանն ու առկա ներուժի ամբողջական իրականացմանը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նորանշանակ դեսպանը այս համատեքստում շեշտել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:
Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ: