Սրտաբանը թվարկել է երիտասարդ տարիքում ինֆարկտի կանխարգելման ուղիները
Սրտաբան Նիկոլ Հարկինը թվարկել է այն գործոնները, որոնք կարող են երիտասարդ տարիքում ինֆարկտ առաջացնել։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է HuffPost-ը։
Հարկինը նշել է, որ ռիսկի ամենակարևոր գործոններից մեկը ժառանգականությունն է։ Հաճախ սրտի կաթված ստացած երիտասարդների մոտ ծնողները կամ հարազատները նույնպես տառապում էին սրտի հիվանդությամբ: Նրանք կարող են կանխել այն, եթե կանոնավոր սրտի առողջության ստուգումներ անցնեն: Մասնագետը նաև խորհուրդ է տվել, որ երբեք չպետք է անտեսել կրծքավանդակի ցավը։
Նրա խոսքով՝ սրտի կաթվածը հաճախ է լինում նրանց մոտ, ովքեր համեմատաբար առողջ են համարվում, ուստի կրծքավանդակի ցավի ի հայտ գալը լավ պատճառ է բժշկի դիմելու համար։
Սրտի ինֆարկտ հրահրող մեկ այլ գործոն սրտաբանն անվանել է ծխելը: Հարկինը պնդում է, որ իր պրակտիկայում գրեթե բոլոր կանայք, ովքեր ինֆարկտ են ունեցել երիտասարդ տարիքում, ծխել են: Բացի դրանից, ըստ նրա, սրտի կաթվածի վտանգը մեծանում է մեծ քանակությամբ վերամշակված մսի օգտագործման և քրոնիկ քնի պակասի դեպքում։
Ավելի վաղ սրտաբան Վյաչեսլավ Կոլիևը նկարագրել էր ցավի բնույթը մոտեցող ինֆարկտի ժամանակ։ Նրա խոսքով՝ ցավոտ սենսացիաներ են առաջանում կրծոսկրի հետևում և սովորաբար ունենում են սեղմող կամ այրող բնույթ։