Բաժիններ՝

«ՏԱՐԱԶֆեստ», «Dilijan Wine Fest», Սևանի միջազգային երաժշտական փառատոն. սպասվում է փառատոնային թեժ օգոստոս

Հայաստանում օգոստոսն առանձնանալու է զբոսաշրջային փառատոնների ակտիվությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանը տեղեկացրեց, որ կարևորելով փառատոնային տուրիզմի զարգացումն, այս տարի Զբոսաշրջության կոմիտեն աջակցում է 17 փառատոնների անցկացմանը։

«Բոլոր փառատոնները յուրահատուկ են՝ ընդգրկում են արկածային, գաստրո, մշակութային տուրիզմը։ Նման փառատոններով զարգացնում ենք փառատոնային մշակույթը՝ ներգրավում ենք նոր զբոսաշրջային հոսքեր արտասահմանից։ Առաջին կիսամյակում 1 մլն 5 հազար զբոսաշրջիկ ենք ունեցել, եթե այս տեմպերով շարունակենք, ակնկալում ենք, որ տարվա վերջին կունենանք 2 մլն-ից ավելի զբոսաշրջիկ»,-ասաց Աննա Մարգարյանը։

«Dilijan Wine Fest 2023» փառատոնն արդեն անցկացվում է երկրորդ անգամ։ Նախորդ տարի փառատոնն ունեցել է 3500 այցելու։ Այս տարի ակնկալում է 4 հազարից ավելի փառատոն։ Օգոստոսի 5-ին և 6-ին փառատոնն անցկացվելու է Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում, մասնակցելու են ավելի քան 30 գինեգործարաններ և տարբեր ռեստորաններ: «Dilijan Wine Fest 2023» փառատոնի օպերացիոն մենեջեր (ղեկավար) Գայանե Ավետիսյանը նշեց, որ ծրագիրը ներառում է գինեգործների տոնավաճառ, գինու համտեսներ, վարպետության դասեր, գինու նկարչություն, ինչպես նաև երաժշտական ​​և ժամանցային ծրագիր:

«Օր ու գիշեր աշխատանք է տարվում փառատոնի կազմակերպչական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար։ Բավական հետաքրքրիր ծրագիր է սպասվում, ելույթ են ունենալու Գարիկ և Սոնա դուետը, «Լավ էլի» խումբը, «Yellow heart»-ը և այլն։ Ներգրավված են լինելու նաև տեղի համայնքները, որոնք ներկայացնելու են իրենց բերքն ու բարիքը»,-ասաց Գայանե Ավետիսյանը։

Դիլիջանից ոչ շատ հեռու՝ Սևանում նույն օրերին՝ օգոստոսի 5-ին և 6-ին սպասվում է երաժշտական տոն։ Կանցկացվի Սևանի միջազգային երաժշտական փառատոնը։ Այցելուները հնարավորություն ունեն վայելել Սևանա լճի գեղեցկությունը, մասնակցել հետաքրքիր համերգային ծրագրին։ Լինելու են երաժշտական խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Սևանի միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Գոհար Մնացականյանի խոսքով՝ փառատոնի անցկացման հիմքում համայնքային զարգացումն է։

«Երբ տարիներ առաջ սկսում էինք այս գործընթացը, շատերը թերահավատորեն էին մոտենում։ Առաջին տարիներին, նույնիսկ Սևան քաղաքի բնակիչները չէին իջնում ափ՝ մասնակցելու համերգին։ Երբ ակտիվությունը տեսանելի դարձավ, հոսքն ուղղորդվեց դեպի Սևան քաղաք, շատերի մոտ փոխվեցին կարծիքները։ Հիմա փառատոնը շատերի համար սպասված իրադարձություն է»,-ասաց Գոհար Մնացականյանը։

Դիլիջանում գինին վայելելուց, Սևանում համերգային ծրագրին մասնակցելուց հետո ցանկացողները կարող են շտապել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան։ Օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 5-րդ փառատոնը: «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանի խոսքով՝ միջոցառման առաջին հատվածում տեղի կունենա ցուցահանդես-տոնավաճառ՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ:

«Ավանդույթի համաձայն մասնակցելու են նաև ազգային փոքրամասնությունները, իրենց ազգային հագուստը նույնպես ներկայացվելու է։ Լինելու են վարպետության դասեր, երգի-պարի համույթի ելույթներ, ցուցահանդես-վաճառք։ Այն լավ առիթ է՝ զուգորդելով մշակույթը, ժամանցը, համեղ խոհանոցը»,-ասաց Լիլիթ Մելիքյանը

«ՏԱՐԱԶֆեստ» 5-րդ փառատոնը զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն է, որն ուղղված է հայկական մշակույթի հանրահռչակմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:

Փառատոնների անցկացմանն աջակցում է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս