Բաժիններ՝

Եհովայի վկաների սխալները

Մաս Ա

Զարմանալի է, որ Եհովայի վկաները փորձում են իրենց ուսուցումները մարդկանց ներկայացնել որպես աշխարհի միակ ճշմարիտ կրոն: Մինչդեռ եթե այդ  ուսուցումները քննենք Աստվածաշնչի լույսի ներքո, պիտի հիասթափվենք՝ տեսնելով դրանց մոլորությունը ճշմարտությունից և հակասումը աստվածաշնչական պատվիրաններին:

Եհովայի վկաների դավանանքը ներքնապես հետապնդում է կործանարար  նպատակներ՝ 1. բաժանել հային իր 2000 տարվա պատմություն ունեցող հոգևոր մորից՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, 2. վտանգել մեր սիրելի հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը՝ մերժելով հայրենի սուրբ հողը զենքով պաշտպանելը, 3. ոչնչացնել հայ ազգը, քանի որ առանց զենքի մեր հայրենիքը բնաջնջվելու է աշխարհի քարտեզից, և հայ ազգն առանց հայրենիքի ձուլվելու է օտար ազգերին: Արդար մոտեցումով և  խղճի  ամենայն հանգստությամբ կարելի է ասել, որ Եհովայի վկաները ո՛չ քրիստոսասեր են, ո՛չ եկեղեցասեր, ո՛չ հայրենասեր և ո՛չ ազգասեր:

Այս հոդվածի նպատակն է՝ 1. սովորեցնել միշտ վերադառնալ Աստվածաշնչի բնագրերին կամ գործածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից թարգմանված  Աստվածաշունչը, և միաժամանակ մերժել Եհովայի վկաների կողմից հրատարակված անճիշտ ու անպարկեշտ «Նոր աշխարհ» Աստվածաշունչը, 2. իմանալ Եհովայի վկաների աստվածաբանական և հակամարդկային սխալ ուսուցումները, 3. փաստել Եհովայի վկաների սխալ ուսուցումները աստվածաշնչական համարներով, 4. դասել Եհովայի վկաներին ոչ քրիստոնյա մարդկանց շարքին, 5. ընդունել, որ Եհովայի վկաները սխալ են հասկացել աստվածաշնչական բազմաթիվ համարներ, 6. կոչ անել Եհովայի վկաներին, որ վերադառնան Աստծու մոտ, 7. ավելի կառչել մեր հոգևոր մորը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն:

Կարդացեք նաև

Եհովայի վկաների 1-ին սխալը Եհովայի վկաները հավատում են, որ չկա Սուրբ Երրորդություն, որովհետև Աստվածաշնչում չկա «Երրորդություն» բառը»:

Պատասխան: Ճիշտ է, որ Աստվածաշնչում չկա Երրորդություն բառը բառացիորեն, սակայն սա չի նշանակում, որ Աստվածաշունչը չի խոսում Սուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին: Եթե «Երրորդություն» բառի չգոյությունը Աստվածաշնչում պատրվակ պիտի լինի Եհովայի վկաների համար, որ մերժեն Երրորդության գոյությունը, ապա կարելի է ասել, որ «Եհովան» միայն Հին կտակարանի մեջ գոյություն ունի: Ինչո՞ւ, որովհետև Նոր կտակարանի հունարեն բնագրում ոչ մի անգամ չի գործածվել «Եհովա» բառը:

Տակավին, Զարեհ եպս. Ազնավորյանն իր «Եհովայի վկաների այլափոխված Աստվածաշունչը» գրքում նշել է. «Նոր աշխարհի թարգմանության մեջ Եհովայի վկաներն իրենք իրենց թույլ են տվել Նոր կտակարանի հունարեն բնագրում 241 անգամ փոխել «Տեր» բառը և նրա տեղը դնել «Եհովա»»: Այս արարքն ակադեմիական – թարգմանական մոտեցումով սխալ է, իսկ բարոյական՝ խաբեբայություն:

Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը բացատրում է՝ ասելով. «Սուրբ հայրերը քրիստոնեությունը քարոզեցին հեթանոսական աշխարհում, որտեղ բազմաստվածության կոչեր էին արվում, ուստի նրանք խուսափեցին «Երրորդություն» բառը գործածելուց»: Այլ խոսքով՝ այդպես արեցին,  որպեսզի հեթանոսները չկարծեն, թե քրիստոնյաները երեք աստծու են պաշտում:

Եհովայի վկաների 2-րդ սխալը Եհովայի վկաները հավատում են, որ չկա Աստվածաշնչում Սուրբ Երրորդության մասին ուսմունք:

Պատասխան: Աստվածաշնչում կան Սուրբ Երրորդության ուսմունքի մասին բազմաթիվ և անհերքելի համարներ: Օրինակ՝ «Երբ գա Մխիթարիչը (Սուրբ Հոգին), որին ես (Բանն Աստված) ձեզ կուղարկեմ Հորից, (Հայր Աստված) Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից, նա կվկայի իմ մասին» (Հովհ. 15:26), «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող ձեզ հետ լինեն։ Ամեն» (Բ Կորնթ. 13:13), «Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), այսինքն՝ մարդու մկրտությունը պետք է լինի Սուրբ Երրորդության անունով: Եվ կան Սուրբ Երրորդության մասին բազմաթիվ համարներ:

Եհովայի վկաների 3-րդ սխալը Եհովայի վկաները պնդում են, որ չկա Սուրբ Երրորդություն: Այս համոզմունքը ընթերցողների համար համոզիչ դարձնելու նպատակով մեջբերում են «Բրիտանական հանրագիտարանից» մի գրություն՝ ասելով. «Նոր Կտակարանում ո՛չ «երրորդություն» բառը կա, ո՛չ էլ այդպիսի ուսմունք»:

Պատասխան: Ճիշտ է, որ «Բրիտանական հանրագիտարանը» համաշխարհային գիտական աղբյուրներից մեկն է, սակայն սա չի նշանակում, որ դրա բովանդակությունն ամբողջությամբ ճշմարտություն է՝ անսխալ է: Որևէ կրոն հասկանալու համար պետք է կարդանք և հասկանանք այդ կրոնի սուրբ գիրքը և դրա մեկնիչների գրությունները, և ոչ թե արագորեն ընդունենք համայնագիտարանների գրությունները՝ որպես այդ կրոնը բացատրելու ճշմարիտ աղբյուր:

Որպեսզի պատասխանենք՝ գոյություն ունի՞ Աստվածաշնչում Սուրբ Երրորդության մասին ուսմունք կամ ոչ, նախ պետք է լավ ճանաչենք Աստվածաշունչը և աստվածաշնչական գրքերի մեկնությունները սուրբ հայրերի կողմից և ոչ թե մի հանրագիտարան ընդունենք որպես անսխալական աղբյուր: Մինչդեռ այդ նույն «վստահելի աղբյուրը» ներկայացնում է հենց Եհովայի վկաների հիմնադրին՝ Չարլզ Թեյզ Ռասելին՝ որպես եկեղեցիներից հեռացած անձի, աստվածաբանական թեմաներ ըմբռնելու անկարող էակի, թերահավատության մեջ ընկնող մարդու:

Եհովայի վկաների 4-րդ սխալը: Եհովայի վկաները հարց են տալիս՝ ասելով. «Ինչո՞ւ Աստվածաշունչը գրվելուց դարեր անց մարդիկ անհրաժեշտ համարեցին քննարկել Աստծու և Քրիստոսի ունեցած դիրքերը, մի՞թե Աստվածաշունչը հստակ տեղեկություններ չի հայտնում այս կարևոր հարցի մասին»։

Պատասխան: Աստվածաշունչը գրվելուց դարեր անց տեղի ունեցավ տիեզերական Ա ժողովը Նիկիայում՝ 325-ին, որովհետև ժողովի հիմնական նպատակն էր, այն ժամանակ ապրող հերետիկոս Արիոսի ուսմունքի քննությունն ու  դատապարտումը: Հերետիկոս Արիոսն ուրացավ Քրիստոսի Աստվածությունը, ընդունեց Բանն Աստված, որպես ստեղծված աստված՝ Աստուծմե նվազ էակ: Հերետիկոս Արիոսը հավատում էր, որ Հոր և Որդու միջև գոյություն ունի ժամանակային տարածք, համոզված էր, որ Որդին արարած է և ոչ Արարիչ:

Աստվածաշունչը հստակ տեղեկություններ է տալիս Սուրբ Երրորդության մասին, սակայն ամեն մարդ չէ, որ ճիշտ է հասկանում դրա համարների իմաստն ու բացատրությունը:

Եհովայի վկաների 5-րդ սխալը Եհովայի վկաները ասում են. «Քրիստոսը մահացել է ոչ թե խաչի, այլ ցցի վրա», և մեջբերում են իրենց «Նոր աշխարհ» թարգմանությունից. «Քրիստոսը փրկագնով ազատեց մեզ Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեր փոխարեն, որովհետև գրված է. «Ցցից կախված ամեն մարդ անիծյալ է (Գաղ. 3:13), «Մեր նախահայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք, ցցից կախելով, սպանեցիք» (Գործք 5:30):

Պատասխան: Վերոհիշյալ համարների մեջ գործածված «ցից» բառը Նոր կտակարանի հունարեն բնագրում նշված է «ξύλου» բառով, որ նշանակում է «փայտ»:

Նոր կտակարանի հունարեն բնագրի մեջ բազում անգամ գործածված «σταυροῦ» բառը, որ նշանակում է «խաչ», միտումնավոր ձևով թարգմանված է «ցից, տանջանքի ցիցը» բառերով հենց Եհովայի վկաների կողմից: Այլ խոսքով՝ Եհովայի վկաները Նոր կտակարանի հունարեն բնագրի մեջ գործածված «ξύλου» և «σταυροῦ» բառերը թարգմանել են նույն ձևով՝ դրանց տալով մի իմաստ՝ «ցից» բառով:

Եհովայի վկաների 6-րդ սխալը Եհովայի վկաները ասում են, որ «Բերանով կամ երակի միջոցով արյուն ընդունելը Աստծու օրենքի խախտում է», և նրանք մեջբերում են իրենց «Նոր աշխարհ» թարգմանությունից. «Ամեն կենդանի, որ ապրում է, կերակուր լինի ձեզ համար, ինչպես և կանաչ բուսականությունը. այդ ամենը ձեզ եմ տալիս։ Միայն թե միսը իր հոգով, այսինքն՝ իր արյունով, մի՛ կերեք» (Ծննդ. 9։3, 4), «Քանի որ ամեն տեսակ մարմնի հոգին իր արյունն է, և հոգին արյան մեջ է։ Ուստի ես ասացի Իսրայելի որդիներին. «Ոչ մի տեսակ մարմնի արյուն չուտեք, որովհետև ամեն տեսակ մարմնի հոգին իր արյունն է։ Ով որ ուտի այն, պետք է վերանա» (Ղևտ. 17։14), և «Սուրբ ոգուն և մեզ հաճելի եղավ, որ ոչ մի ավել բեռ չդնենք ձեզ վրա, բացի այս անհրաժեշտ բաներից. հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից, արյունից, խեղդված կենդանիներից և պոռնկությունից։ Եվ եթե ձեր անձերը պահեք այս ամենից, հաջողություն կունենաք։ Ո՛ղջ եղեք» (Գործք 15։28, 29):

Պատասխան: Աստվածաշունչը արգելում է, որ մարդը մարդու կամ անասունի արյուն խմի, սակայն չի արգելում, որ վիրավոր մարդը՝ արյան կարիք ունեցող անձը, երակի միջոցով մարդու արյուն ստանա՝ փրկելու համար իր կյանքը: Տրամաբանական և վերլուծական մոտեցումներով տեղի կունենա՝ 1. անձնասպանություն, երբ չափահաս Եհովայի վկան մերժի մարդու արյուն ստանալ և մեռնի արյան պակասի պատճառով, 2. մարդասպանություն, երբ Եհովայի վկա ծնողները մերժեն, որ իրենց մանուկը մարդու արյուն ստանա և մեռնի արյան պակասի պատճառով:

Հոգելույս Տաճատ արքեպիսկոպոսը հորդորում է «Հերքում Եհովայի վկաներու ստապատում վարդապետութեան» գրքույկի մեջ՝ ասելով. «Զգո՛յշ, Հայաստանեայց Եկեղեցւոյ սիրելի՛ զաւակներ, դուք որ անոր աւազանէն վերստին ծնած էք եւ Աստուծոյ որդեգիրը եղած Ս. Միւռոնի դրոշմով, ձեր բոլոր միջոցներով պայքարեցէ՛ք ամէն տեսակի աղանդաւորներուն, որոնց կարգին «Եհովայի վկաներ»-ուն դէմ, որոնք օտարին վարձկաններն են, եւ որոնք տունէ տուն կը պտըտին եւ զնազան ու շատ անգամ ոչ պարկեշտ ձեւերով եւ միջոցներով կը մոլորեցնեն զձեզ եւ կը հեռացնեն ձեզ Մայրենի Եկեղեցիէն, Հայոց Ազգէն եւ հայրերու լոյս հաւատքէն: Մերժեցէ՛ք զիրենք, հեռացուցէ՛ք ձեր տուներէն, ձեր յարկերէն եւ ձեր գործատեղիներէն: Մի՛ տարուիք անոնց անուշ եւ կեղծ խօսքերէն, քարոզներէն եւ իմաստակ փաստարկութիւններէն: Մնացէ՛ք հաւատարիմ քրիստոնէական ճշմարիտ վարդապետութեան եւ Ս. Աւետարանի սկզբունքներուն եւ ազգային իտէալներուն»:

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս