Արցախի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովը Բաքվի կողմից օգտագործելը
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ անթույլատրելի է համարել քաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի շրջափակումն ու ժողովրդի սովն Ադրբեջանի կողմից օգտագործելը:
Հայտարարության մեջ նշված է. «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է որպես պատերազմական հանցագործություն:
Արդեն ութ ամիս շարունակվող անմարդկային շրջափակման և Արցախի ժողովրդին Բաքվի իրավազորությանը բռնի կերպով ենթարկելու փորձերի շրջանակներում Ադրբեջանի իրականացրած հանցավոր գործողությունների ամբողջությունը չափազանց վտանգավոր նախադրյալներ է ստեղծում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության:
Այս համատեքստում անպատասխանատու ենք համարում Ադրբեջանի միջազգային հակաիրավական գործողություններն օրինականացնելու ցանկացած փորձ, այդ թվում` Լաչինի միջանցքի վերաբերյալ սեփական միջազգային պարտավորությունները չկատարելու և Արցախի շրջափակումը խստացնելու Բաքվի քաղաքականության մաս կազմող առաջարկություններին ուղղակի կամ անուղղակի կերպով հավանություն տալու միջոցով: Արցախում միտումնավոր հումանիտար աղետ ստեղծած և համակարգված կերպով այն սաստկացնող Ադրբեջանի հանցավոր օրակարգին ցանկացած աջակցություն ոչ միայն ավելացնում է անմեղ մարդկանց տառապանքները, այլև խախտում է միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները, ներառյալ մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Քաղաքակիրթ միջազգային հանրությունը վաղուց մերժել է պետության ներքին գործերի անվան տակ մարդու իրավունքների զանգվածային խախտման ենթադրյալ իրավունքի վրա հիմնված արդարացումները` նման հանցագործությունների համար մեղավորներին կանգնեցնելով ռազմական տրիբունալների առջև և ստեղծելով իրավական հիմքեր ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:
Արցախի ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող Ադրբեջանի առաջարկներն ու գործողությունները պետք է հնարավորինս խիստ ձևով մերժվեն: Մարդու իրավունքների հիմքում ընկած է հենց մարդկային արժանապատվությունը, որը հանդիսանում է դրանց հանդեպ հարգանքի երաշխիքը: Արցախի ժողովրդի արժանապատվության ոտնահարումը նշանակում է նրա հիմնարար իրավունքների մերժում և ճանապարհ է հարթում Ադրբեջանի կողմից էլ ավելի անմարդկային հանցագործությունների իրագործման համար:
Խստորեն հորդորում ենք առանցքային միջազգային դերակատարներին, ովքեր իսկապես շահագրգռված են Արցախում և ամբողջ տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմամբ, ձեռնարկել վճռական անհատական և հավաքական քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանն ու հանցավոր քաղաքականությանը: Եվս մեկ անգամ պնդում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում միացյալ ազգերի ժողովուրդների կողմից իրեն վստահված դերը և վերջ դնի Արցախի հանցավոր, անմարդկային շրջափակմանը: Ակնկալում ենք, որ որպես Արցախում հումանիտար աղետը դադարեցնելուն ուղղված առաջին քայլ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ կպահանջի ամբողջությամբ և անվերապահորեն իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023 թ. հուլիսի 6-ին վերահաստատված վճիռը, կապահովի մարդասիրական անարգել մուտքն Արցախ, ինչպես նաև կլիազորի մարդասիրական օդային միջանցքի բացումը:
Բացարձակապես անթույլատրելի ենք համարում Արցախում ծավալվող հումանիտար աղետին անմասն ու անտարբեր հետևելը, որտեղ իրավիճակը ցանկացած պահի կարող է կտրուկ վատթարանալ:
Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և հիմա ժամանակն է իրականացնել կոնկրետ և անհետաձգելի գործողություններ, որոնք բխում են գոյաբանական սպառնալիքի տակ ապրող մարդկանց շահերից»: