Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը: Այս մասին հուլիսի 25-ին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մոսկվայում:
Միրզոյանը շեշտել է, որ հանդիպումները, բանակցությունները բավականին ինտենսիվ են. որոշ հարցերում կոնկրետ արդյունքներ կան, որոշ հարցերի շուրջ տեսանելի են հեռանկարներ, որտեղ կողմերը կարող են փոխադարձ համաձայնության գալ, սակայն մնում են նաև խնդրահարույց հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի դիրքորոշումները շատ հեռու են իրարից:
«Մենք կառուցողական ենք տրամադրված և բանակցություններ ենք վարում բոլոր հարթակներում և բոլոր ուղղություններով: Ավաղ, իրավիճակն աշխարհում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում այժմ լուրջ հումանիտար ճգնաժամ է, և իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետին: «Իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լրջանում: Լեռնային Ղարաբաղ չեն մտնում ո՛չ պարեն, ո՛չ դեղամիջոց, կանգնեցված է գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, և եթե մեզ չհաջողվի լուծում գտնել, և Ադրբեջանը չկանգնեցի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հումանիտար աղետն իր բացասական ազդեցությունը կունենա ընդհանուր բանակցային գործընթացի վրա: Սակայն կրկնում եմ, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված: Կշարունակենք բանակցությունները»,-եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ:
«Մեր ջանքերն ուղղված են իրավիճակի կայունացմանը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ հումանիտար խնդիրների լուծմանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, մարդկանց միջև, քաղաքացիական հասարակությունների, փորձագետ-քաղաքագետների ուղղությամբ հաղորդակցման զարգացմանը »,- նշել է նա: