Բաժիններ՝

Դոնանեմաբ դեղամիջոցը 35 տոկոսով դանդաղեցրել է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը. JAMA

Դոնանեմաբ դեղամիջոցը, որն արտադրում է Eli Lilly ընկերությունը, կարող է հավանության արժանանալ ԱՄՆ-ում վաճառվելու համար՝ հաջող թեստավորումից հետո. այն 35 տոկոսով դանդաղեցրել է Ալցհեյմերի հիվանդության ախտանշանների խորացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլում գտնվող մոտ 1 200 մարդ։ Դոնանեմաբ դեղամիջոցը ներերակային ներարկմամբ տվել են յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ անգամ։ Դատարկահաբ ընդունած խմբի համեմատ՝ դեղամիջոցն ստացածների մոտ ախտանշանները 35 տոկոսով դանդաղել են։ Կոգնիտիվ ֆունկցիաները գնահատել են թեստերի եւ առօրյա առաջադրանքները կատարելու ունակության օգնությամբ։

Eli Lilly արտադրող ընկերությունը հայտարարել է, որ սպասում է, որ տարեվերջին դեղահաբը ԱՄՆ-ում վաճառվելու համար հավանության կարժանանա։

Դոնանեմաբը Ալցհեյմերի հիվանդության դեմ երկրորդ դեղն է, որը կարողացել է դանդաղեցնել կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը։ Մի քանի օր առաջ ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղորայքի սանիտարական վերահսկման վարչությունը հավանություն էր տվել լեկանեմաբ դեղամիջոցին, որն արտադրում են Biogen եւ Eisai ընկերությունները։ Այն 27 տոկոսով դանդաղեցրել է վաղ փուլում Ալցհեյմերի հիվանդության խորացումը։

«Առաջին սերնդի այդ դեղամիջոցները կատարյալ չեն, բայց կարեւոր բեկում են նշանավորում»,- ասել է Բրիտանիայի դեմենցիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ջայլս Հարդինգեմը։

JAMA ամսագրի խմբագրական հոդվածում, որը ներկայացրել է դոնանեմաբի փորձարկումների արդյունքները, նշվել է, որ դեղամիջոցները չեն բուժում Ալցհեյմերի հիվանդությունը, այլ նպաստում են այն բանին, որ պացիենտների վիճակն էլ ավելի չվատանա։

Հնարավոր է նաեւ, որ դրանք ունենան անբարենպաստ հետեւանքներ. վաղ հետազոտությունները ենթադրում էին, որ հակաամիլոիդային դեղամիջոցները նաեւ արագացնում են ուղեղի աթրոֆիան։ Երկու դեղերն ել ուղղված են բետա-ամիլոիդի դեմ (սպիտակուց, որի կուտակումն ուղեղում կապում են Ալցհեյմերի հիվանդության հետ)։ Այնուամենայնիվ, այն ընդամենը դեմենցիայի բաղադրիչներից մեկն է։

jamanetwork.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս