Վախ չունե՞ք, որ Ձեր սրտի դատավորներն են Ձեր դատավճիռը կայացնելու. Լրագրողը՝ Փաշինյանին
«Ժողովուրդ» օրաթերթի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին, վերաբերում էր դատական համակարգին:
– Ձեր թույլտվությամբ մեջբերեմ Դատավորների եվրոպական միության հայտարարությունից հատված. «Տարբեր հայաստանյան դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների մասին, որոնցով ենթադրաբար, դիտավորությամբ անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները… Դատավորների մեկ այլ խումբ ենթարկվել է պատասխանատվության արդարադատության համակարգի թերացումների կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քննադատության համար… Առավել մտահոգիչ են կարգապահական վարույթների հարուցման և դրանց քննարկման հետ կապված հաղորդումները: Հաղորդումներից անառարկելիորեն բխում է, որ առկա է բացահայտ արհամարհանք արդար դատաքննության սկզբունքների նկատմամբ… Խնդրահարույց էր դիտվել նաև արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցելու լիազորությունը, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի ենթադրյալ խախտում է… Նույնիսկ այն պարագայում, երբ դատավորի պաշտոնը, զբաղեցրած դիրքը պահանջում են որոշակի զսպվածություն՝ ապահովվելու դատական իշխանության հեղինակությունն ու անաչառությունը, ապա դա չի կարող զերծ պահել դատավորներին դատական իշխանության շուրջ տիրող անարդարությունների մասին բարձրաձայնելուց կամ արդարադատության համակարգում խախտումները մատնանշելուց։ Ավելին՝ այն կարող է դիտվել՝ որպես պարտականություն:
Հիմա հարցս՝
– Ստացվում է, որ ժողովրդավարության թիվ մեկ բրենդը, որի մասին հայտարարել եք, թիվ մեկ միտքն է: Ինչո՞ւ եք դատական իշխանության նկատմամբ ճնշումներ բանեցնում գործադիր իշխանության կողմից՝ խախտելով իշխանությունների տարանջատման սկզբունքը: Դուք դատավորներին որակեցիք որպես վնգստացող, հրահանգի են սպասում, բայց դուք իբրև թե հրահանգ չեք տալիս: Հետո շրջափակեցիք դատարանների դռները, ապա ասացիք, որ չկա դատավոր, որ ձեր ասածը չանի: Հիմա ձեր ուզած վճիռները չկայացնելու համար հեռացնում եք դատավորներին: Անկեղծ ասեք, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կորակեր այս գործելաոճը՝ անպատժելիությո՞ւն, զանգովի արդարադատությո՞ւն, թե՞ ահաբեկչություն դատական իշխանության նկատմամբ: Ի վերջո, վախ չունե՞ք, որ մի օր ձեր սրտի դատավորները հենց ձեր դատավճիռն են կարդալու:
– Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում և խորը գիտակցում եմ, որ եթե մի բան անեմ կամ արել եմ, որը պետք է իմ սրտի կամ ոչ սրտի դատավորների կողմից քննության արժանանա, անպայման կարժանանա:
Երկրորդը՝ մենք երբեք էլ չենք թաքցրել, որ դատական համակարգում բարեփոխումների շատ դժվար ճանապարհ ենք անցնում, և էդտեղ մեծ հաջողություններ չունենք:
Երրորդը՝ ձեր մեջբերած կտորում ինձ կամ կառավարությանը վերաբերելի բան չկար՝ բացառությամբ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելը:
Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե Դատավորների եվրոպական միությունն ինչ կազմակերպություն է, և կարող եմ մեջբերել Եվրամիության Արևելյան գործընկերության զեկույցը, որտեղ ասվում է, որ Հայաստանը դատական ոլորտի բարեփոխումների առումով առաջատար երկիր է Արևելյան գործընկերության երկրներում:
Ես հիմա էլ եմ բարձրաձայնում, որ մեր դատական համակարգում անկախության պրոբլեմ կա, ո՞վ չգիտի դրա մասին, և այդ պրոբլեմը պետք է լուծել…
ՀՀ-ում կան դատավորներ, ովքեր ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականացնում: Նախ ՀՀ-ում կան դատավորներ, ովքեր ինչ որոշում ասես, կարող են կայացնել: Ես էս 5 տարվա ընթացքում համոզվել եմ՝ ՀՀ-ում դեռևս կան դատավորներ, ովքեր ոչ մի սահմանափակում չունեն: Ինչ ասես, կարող են որոշել, որը ոչ օրենսդրության, ոչ տրամաբանության, և ոչ էլ բարոյականության հետ կարող է կապ ունենալ:
Հիմա իմ ակնկալիքն այն է, որ ՀՀ-ում լինեն մեխանիզմներ նման դատավորներին իրենց գործին ուղարկելու: Այդ մարդիկ չեն կարող լինել դատավոր: Բա 5 տարի է՝ մարդիկ ինձ մեղադրում են, ասում են՝ վեթինգ էիք խոստացել, ի՞նչ եղավ: Հիմա դուք քննադատո՞ւմ եք մեզ, որ վեթինգ չենք արել:
– Բայց վեթինգ իրականացվում է խտրական մոտեցմամբ:
– Այ էդտեղ ես չեմ կարող ասել, որովհետև իմ խնդիրը քաղաքական է, ես դատական պրոցեդուրաների հետ գործ չունեմ:
Մանրամասները՝ տեսանյութում: