«Անկախ տեղից՝ բանակցողները չեն փոխվում». Փաշինյանը՝ արևմտյան և ռուսական հարթակների մասին
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «Ամերիկայի ձայնի» թղթակիցը հետաքրքրվեց՝ Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա հարթակների հերթագայումն ի՞նչ սկզբունքային հարց է փոխում, արդյո՞ք առաջնահերթությունները նույնն են, և որքանո՞վ բանակցային գործընթացի վրա կարող է ազդել ռուս-թուրքական հարաբերությունների լարումը:
Նիկոլ Փաշինյանը հարցադրմանը նախ արձագանքեց՝ անկախ բանակցությունների անցկացման վայրից, բանակցողները չեն փոխվում:
«Բանակցում են ՀՀ-ն և Ադրբեջանը: Եվ այս համատեքստում եմ ասում, որ բանակցություններում հաջողություն ունենալը, բանակցային լուծումների հասնելը մեզ է հարկավոր: Օրակարգը որևէ ձևով չի փոխվում, սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում, խոսակցության տրամաբանությունը որևէ ձևով չի փոխվում: Այսինքն, դրանք շարունակում են մեկը մյուսին: Ինչ վերաբերում է ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությանը, կարծում եմ, որ որևէ հարաբերության լարվածություն դրական ազդեցություն չի կարող ունենալ: Մյուս կողմից՝ չպետք է գերագնահատել լարվածություն ասվածը, որովհետև մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն և Թուրքիան, չնայած որոշակի տարաձայնություններին, շատ ակտիվ համագործակցում են»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ, խնդիրն այն է՝ որքանով են դրանք վերաճում կոնֆրոնտացիոն տրամաբանության:
«Հայեցակարգային և ռազմավարական առումով մեր մեծագույն խնդիրն այն է, որ մենք մեր պետության գոյության ողջ ընթացքում եղել և գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության, որը, իմ կարծիքով, մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով՝ և՛ անվտանգային, և՛ զարգացման, և՛ միջազգային ազդեցության առումով»,- շեշտեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում