Ասիական զարգացման բանկը Հայաստանում իր առաքելության նոր տնօրեն է նշանակել
Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելությունը նոր տնօրեն ունի։ Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության նոր տնօրեն է նշանակվել Դոն Լամբերտը։
Բանկի հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրենին ընդունել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Երեկ հրաժեշտի հանդիպում եմ ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաուլո Սպանտիգատի հետ։ Վերջինս ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։
Բարձր եմ գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, համատեղ իրականացվող բազմաոլորտ ծրագրերը, այդ ծրագրերի իրականացման գործում Պաուլո Սպանտիգատիի դերը և ներդրած ջանքերը։
Պաուլո Սպանտիգատին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության, համատեղ աշխատանքի համար և ներկայացրել ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և նախանշվել համագործակցության նոր ուղղությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սանոսյանը։