Բաժիններ՝

Ավելորդ քաշն ազդում է կանանց վերարտադրողական առողջության վրա. բժիշկ

Ավելորդ քաշը կանանց մոտ կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների, այդ թվում՝ անպտղության, հղիության տարբեր բարդությունների, քաղցկեղի: Այս մասին խոսել է մանկաբարձ-գինեկոլոգ Իդիլիա Օրֆանովան։

Ըստ shantnews-ի՝  բժիշկը նշել է, որ ճարպային հյուսվածքը ակտիվ էնդոկրին օրգան է, որն արտադրում և արյան մեջ արտազատում է մի շարք հորմոններ, այդ թվում՝ էստրոգեններ։

«Երբ կանայք ավելորդ քաշ ունեն, նկատվում է ճարպային հյուսվածքի աճ, որը կարող է հանգեցնել էստրոգենների ավելցուկային արտազատման: Իսկ դա իր հերթին վերարտադրողական համակարգի տարբեր խնդիրների, այդ թվում՝ դաշտանային ցիկլի անկանոնությունների, անպտղության և ձվարանների հիվանդությունների է հանգեցնում: Նաև էստրոգենի մակարդակի բարձրացումը կարող է մեծացնել կրծքագեղձի և էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման ռիսկը»,- ​​ասել է Օրֆանովան։

Բացի այդ, ըստ նրա, կանանց մոտ ավելորդ քաշը կարող է հանգեցնել ինսուլինի մակարդակի բարձրացման: Իսկ դա իր հերթին կարող է անպտղության և վերարտադրողական համակարգի այլ խնդիրների պատճառ դառնալ։
«Ավելորդ քաշ ունեցող հղի կանանց մոտ մեծանում է վիժման, արյան բարձր ճնշման, պրեէկլամպսիայի և այլ բարդությունների ռիսկը: Բացի այդ, ավելորդ քաշ ունեցող մայրերից ծնված երեխաների մոտ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, գիրության և այլ հիվանդությունների հավանականությունը մեծանում է»,- հավելել է գինեկոլոգը։

Ուստի, հղիություն պլանավորելուց առաջ, եթե կինը ավելորդ քաշ ունի, բժիշկը խորհուրդ է տալիս խորհրդակցել մասնագետի հետ՝ առողջ սնվելու և չափավոր ֆիզիկական ակտիվության վերաբերյալ խորհրդատվության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս